Greenpeace-ի բնապահպանական ակտիվիստները երկրորդ օրն է, ինչ նստած են Գդանսկի նավահանգստային ամբարձիչների վրա՝ արգելափակելով ներմուծված ածխի բեռնաթափումը: Այս մասին հայտնել է կազմակերպության Լեհաստանի բաժանմունքը:
«Տասն ակտիվիստներ գիշերն անցկացրել են Գդանսկի նավահանգստի ածխամբարի ամբարձիչների վրա, ուր նրանք բարձրացել են սեպտեմբերի 11-ի առավոտյան»,- ասված է հաղորդագրության մեջ:
Պարզաբանվում է, որ Greenpeace-ի ակտիվիստները Լեհաստանի կառավարությանը կոչ են անում ընդունելու մինչև 2030 թվականն ածխի օգտագործումից հրաժարվելու պլան: Մի քանի օր առաջ Greenpeace-ի ակտիվիստներն իրենց նավով փակել էին Մոզամբիկից ածխով բեռնված նավի անցումը բեռնաթափման վայր, 20 մարդ ձերբակալվել էր:
Նրանցից երկուսին, այդ թվում՝ նավապետին՝ Իսպաիայի քաղաքացուն, դատախազությունը պատրաստվում է մեղադրանքներ առաջադրել: Ածուխը վառելիք է Լեհաստանի էներգետիկական կարողությունների մոտավորապես 80 տոկոսի համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: