«Բոբի բուրգերներ» (Bob’s burgers) ամերիկյան անիմացիոն հեռուստասերիալը կգրավի տարբեր տարիքային խմբերի և տեսակի դիտորդների։ Այն պատմում է Բելչերների ընտանիքի մասին, ովքեր ունեն ռեստորան՝ «Բոբի բուրգերներ» անունով։
Ընտանիքի անդամները հինգն են՝ Բոբը (հայրը), Լինդան (մայրը), Թինան(ավագ դուստրը), Ջինը(միակ և միջնեկ որդին) և Լուիզը(կրտսեր դուստրը)։ Նրանք բոլորն էլ աշխատում են ռեստորանում և յուրաքանչյուր սերիայում ընկնում զվարճալի արկածների մեջ։ Յուրաքանչյուր կերպար շատ հետաքրքիր և յուրահատուկ ձևով է կառուցված։
Բոբը հոռետեսական հատկություններ ունի, բայց չնայած դրան նաև շատ զգայուն է և պատրաստ է անել ամեն ինչ իր ընտանիքի համար: Լինդան շփվող է, զվարճալի և պոզիտիվ։ Ամուսնու ճիշտ հակապատկերը։
Թինան տարօրինակ է, ոչ այնքան սոցիալական և դանդաղաշարժ։ Թինայի կերպարը շատ ծիծաղելի, ցածր տոնայնության մի ձայն է սկսում ստեղծել, երբ բախվում է որևէ դժվարությունների։ Այդ ձայնը կատարյալ ձևով է նկարագրում Թինայի կերպարը։
Ջինը նման է մորը։ Նա նույնպես շատ անհոգ է և շփվող։ Ջինի հիմնական զբաղմունքը տարբեր
ձայնային էֆֆեկտներով երաժշություն ստեղծելն է և մյուզիքլներով հետաքրքրված լինելը։ Ջինը շատ մոտ է կրտսեր քրոջ՝ Լուիզի հետ, և միշտ օգնում է նրան տարբեր հարցերում։ Լուիզը անձնապես իմ ամենասիրելի կերպարն է։ Չնայած նա ամենակրտսերն է, բայց նաև ամենախելացին և ճարպիկն է։
Արկածների մեծ մասը սկսվում են նրա մտահաղացումներից։ Նա շատ չարաճճի է,ցինիկ և նարցիսիստական։ Սիրում է մանիպուլացիայի ենթարկել բոլորին և դա նրա մոտ հիանալի է ստացվում։ Նրա կերպարը կարող է անգամ հակահերոսային համարվել, թեև նրա բոլոր արարքների հետևում թաքնված են լավ միտումներ։
Չնայած նրան, որ բոլոր հերոսներն էլ տարբեր են նրանց միավորում է ամենակարևոր բանը՝ անսահման սերը միմյանց հանդեպ։
Կարծում եմ, որ պետք է անպայման նայել այս անիմացիոն սիտկոմը՝ յուրահատուկ հումորի, արկածներով լի պատմությունների և վառ էմոցիաների համար։
Աննա Մարտիրոսյան
