Մեծ Բրիտանիայի նորանշանակ վարչապետ Բորիս Ջոնսոնը առաջին անգամ կմասնակցի Մեծ Յոթնյակի գագաթաժողովին: Նախատեսվում է նաև վարչապետի հանդիպումը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Գագաթաժողովն ընթանում է Մեծ Բրիտանիյի համար դժվար քաղաքական փուլում՝ կապված Brexit-ի շուրջ զարգացումների հետ։
Մեծ Բրիտանիան վերապրում է քաղաքական ծանր ժամանակաշրջան: Երկրի առջև ծառացած են բազմաթիվ մարտահրավերներ՝ կապված Brexit-ի և ԵՄ-ն առանց համաձայնագրի լքելու հնարավոր զարգացումների հետ: Չնայած բացասական կանխատեսումների՝ երկրի նորանշանակ վարչապետ Բորիս Ջոնսոնը պնդում է, որ ամեն դեպքում Լոնդոնը հոկտեմբերի 31-ին պատրաստ է լքել Եվրամիությունը անկախ համաձայնագրի առկայությունից: Նա վստահ է, որ դաշինքը կվերանայի իր մոտեցումները:
Սակայն Բրյուսելը հայտարարել է, որ Լոնդոնն այդպես էլ չի ներկայացրել որևէ իրավական լուծում Իռլանդիայի ու Հյուսիսային Իռլանդիայի միջև սահմանային խնդրի կարգավորման հարցում: Այս խնդրի շուրջ կողմերը դեռևս չեն հանգել ընդհանուր հայտարարի:
Այս օրերին նախատեսվում են Մեծ Բրիտանիայի վարչապետի հանդիպումները Գերմանիայի ու Ֆրանսիայի առաջնորդների հետ: Մեծ Յոթնյակի գագաթաժողովին տեղի կունենա նաև հանդիպում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Երկու առաջնորդները հույս են հայտնել, որ առևտրային նոր համաձայնագիրը շատ շուտ իրականություն կդառնա:
Առանց համաձայնության Brexit-ը սակայն մտահոգություններ է առաջացնում Մեծ Յոթնյակի այլ առաջնոդների շարքում: Վերլուծաբանները վստահ են, որ վերջիններս իրենց վերաբերմունքը կարտահայտեն այս հարցում Մեծ Բրիտանիայի վարչապետին:
Brexit-ի այս խնդիրը սակայն ունի ոչ միայն արտաքին քաղաքական, այլև ներքաղաքական կարևրո նշանակություն, որը թույլ չի տալիս Մեծ Բրիտանիայի գործող վարչակազմին հետ կանգնել որդեգրած քաղաքական հետագծից:
Վերլուծաբանների կարծիքով Ջոնսոնը հույս ունի, որ ԵՄ վերջին վայրկյանին կվերանայի իր մոտեցումները: Հակառակ պարագայում, ըստ նրանց, Լոնդոնը կփորձի առանց համաձայնության Brexit-ի ողջ պատասխանատվությունը բարդել Բրյուսելի վրա: