fbpx
Մշակույթ

Բրյուսելում մեծ շուքով նշվել է Շառլ Ազնավուրի 100-ամյակը

Սեպտեմբերի 11-ին Բրյուսելի քաղաքապետարանի համերգասրահում տեղի է ունեցել հայ մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրի 100-րդ տարեդարձի կապակցությամբ համերգ, որին հաջորդել է հանդիսավոր ընդունելություն՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարեդարձին։ Այս մասին հայտնում են Բելգիայում ՀՀ դեսպանությունից։

Նշվում է, որ միջոցառմանը ներկա էին Բելգիայի բարձրաստիճան պաշտոնյաներ, պատգամավորներ, Եվրոպական խորհրդարանի անդամներ, Եվրոպական հանձնաժողովի և արտաքին գործողությունների եվրոպական ծառայության բարձրաստիճան ներկայացուցիչներ, դիվանագիտական կորպուսը, մշակույթի և արվեստի գործիչներ, հայ համայնքային կառույցների ղեկավարներ և այլք։

Ողջույնի խոսքով հանդես եկավ Բելգիայի Թագավորությունում դեսպան, Եվրոպական միությունում ՀՀ ներկայացուցչության ղեկավար Տիգրան Բալայանը։ Դեսպան Բալայանը մեկնարկեց՝ ընթերցելով Ադրբեջանում ապօրինի պահվող հայ պատանդների անունները՝ ընդգծելով, որ նրանք զրկված են անկախության տոնը նշելու հնարավորությունից։

Հայաստանի դեսպանը զուգահեռներ է անցկացրել հայ ժողովրդի անցած ճանապարհի և Շառլ Ազնավուրի կյանքի միջև՝ նշելով, որ մեծանուն հայ երգչին Հայաստանի անկախ Հանրապետության քաղաքացիության շնորհումը, և ներկայում նրա ընտանիքի՝ Հայաստանում բնակվելու հանգամանքը խորհրդանշական է։ Այս փաստը վկայում է, որ հայ ժողովրդի հայրենիքի որոնումն ավարտվել է, և դեռևս 33 տարի առաջ Հայաստանը վերագտել է իր անկախությունը և դարձել Միավորված Ազգերի կազմակերպության լիիրավ ինքնիշխան անդամ։

Ողջույնի խոսքին հաջորդել է «Ազնավուր 100» խորագրով համերգը։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի և Արտաքին գործերի նախարարությունների հովանու ներքո «Ազնավուր 100» ծրագրի շրջանակներում ելույթ ունեցավ Հայաստանի պետական ջազ նվագախումբը, գեղարվեստական ղեկավար՝ Դավիթ Մելքոնյան, մենակատարներ՝ Գոռ Սուջյան և Ինգա Արշակյան՝ հյուրերի համար կատարելով Ազնավուրի ամենահայտնի երգերը ջազային ընթերցմամբ։ Համերգից հետո, տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարեդարձին նվիրված ընդունելություն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ