fbpx
ՏՏ

ԲՏԱ նախարարությունում կայացել է հանրային քննարկում ՀԿ ներկայացուցիչների մասնակցությամբ

Հուլիսի 17-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանի ղեկավարությամբ հուլիսի 16-ին տեղի է ունեցել հանրային քննարկում` e-gov.am և govtravel.am կայքերի սպասարկման կարգերը հաստատող իրավական ակտերի համապատասխան փոփոխությունների նախագծի վերաբերյալ:

«Քննարկմանը մասնակցում էին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության համապատասխան մասնագետները, «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Շուշան Դոյդոյանը, «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե» ՀԿ-ի նախագահ Աշոտ Մելիքյանը, Մեդիա կենտրոն նախագծի համակարգող Լիլիթ Հովհաննիսյանը, «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ գործադիր տնօրեն Արմենուհի Բուռնազյանը:

Հայկ Չոբանյանը ներկայացրել է քննարկվող նախագծի հիմնավորումը, ըստ որի՝ հաշվետվություններում ներկայացվող տեղեկատվությունը կարող է առաջացնել ռիսկեր ՀՀ պետական շահերի սպասարկման տեսանկյունից: Նախարարի պաշտոնակատարը նշել է, որ պետությունը քաղաքացիներին տեղեկատվական տեռորից պաշտպանելու պարտավորություն ևս ունի, և այդ առումով կարևորել է տեղեկատվական նոր հարթակի ստեղծման գաղափարը:

ՀԿ-ների ներկայացուցիչները ներկայացրել են իրենց տեսակետները, ըստ որի սույն տեղեկատվական սահմանափակումները, ինչպես նաև քաղաքացիական հասարակության հանրային հսկողության թուլացումը կարող են կոռուպցիոն ռիսկեր առաջացնել: Վերջիններս մտահոգություն են հայտնել, որ փոփոխությունները կարող են հակասել ՀՀ օրենսդրությանը և «Open Government Partnership»-ի ստանդարտներին, որին ՀՀ-ն միացել է 2012 թվականից:

ՀԿ-ներկայացուցիչներն առաջարկել են որոշ տվյալներ պոստֆակտում հրապարակել, փոփոխել տեղեկատվության տրամադրման ձևաչափերը և ժամկետները, կիբեռանվտանգության տեսլական սահմանել, հայեցակարգային մոտեցումներ ձևավորել, փորձել հասկանալ, թե ինչպես և ինչ ռեսուրսներով լուծել առկա խնդիրները:

Ամփոփելով քննարկման արդյունքները՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը նշել է, որ նախագիծը վերանայելու կարիք ունի, ՀԿ-ների կողմից հնչեցված կարծիքները հաշվի կառնվեն, լրացուցիչ աշխատանքներ կիրականացվեն նոր ավելի արդյունավետ լուծումներ գտնելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ