fbpx
Մշակույթ

Բուենոս Այրեսի գրքի միջազգային փառատոնի շրջանակներում Հայաստանի օրվան նվիրված միջոցառման վերաբերյալ

Ապրիլի 25-ից մայիսի 13-ը Բուենոս Այրեսում ընթացող գրքի 45-րդ միջազգային ցուցահանդեսի շրջանակներում, որտեղ 40-ից ավելի երկրների թվում առանձին տաղավարով ներկայացված է նաև Հայաստանը, մայիսի 1-ին նշվեց ավանդաբար դարձած Հայաստանի Հանրապետության օրը: Հատկանշական է, որ Հայաստանն արդեն 37 տարի մշտապես ներկայացված է այս ցուցահանդեսում։

Արգենտինայում ՀՀ դեսպանության հովանավորությամբ և Արգենտինայի «Հայ կենտրոնի» օժանդակությամբ ցուցահանդեսի «Խորխե Լուիս Բորխես» սրահում կայացավ օրվա կենտրոնական բազմամարդ միջոցառումը, որին ներկա գտնվեց Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի գլխավորած պատվիրակությունը:

Միջոցառման բացման խոսքով հանդես եկավ Արգենտինայում ՀՀ դեսպան Էսթերա Մկրտումյանը, ով հանդիսատեսին ներկայացրեց Հայոց այբուբենի և գրերի` համայն աշխարհի կողմից ճանաչված կրոնական և գիտական նշանակությունը, ինչպես նաև համամարդկային մշակութային ժառանգությունը: ՀՀ դեսպանը նաև կարևորեց հայոց գրավոր խոսքի առանցքային դերը հայ ինքնության կայացման և պահպանման գործում՝ որպես անցյալի, ներկայի և ապագայի միջև հաստատուն կամուրջ: Ելույթով հանդես եկավ նաև Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը:

Միջոցառման ավարտին հետևեց մշակութային ծրագիր` արգենտինահայ «Մասիս», «Նարեկ» և «Գայանե» պարախմբերի կատարմամբ, որոնց ելույթներն արժանացան հանդիսատեսի ջերմ ընդունելությանը:

Այս մասին ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ