Անսահմանափակ նյութական ռեսուրսները, ձեր չունեցած պատվի ու բարոյականության հետ սահման չունենալը փիառի գլուխգործոցներ արարելու շանս չեն ձեզ համար։
Պատերազմից հետո նախընտրական հոլովակում շահարկել մեր հայրենիքի անբաժան մասի՝ Արցախի, կորուստն ու զոհերի հանգամանքը, կարող էր անել առնվազն հոգեկան խնդիրներ ունեցող մարդը։ Թերևս առաջին դեպքը չէ, որ ընդդիմադիր քաղաքական ուժը հավասարակշիռ վիճակում էլ, թքած ունի սեփական ժողովրդի զգացմունքների վրա։
Այն հողը, որի համար մեր զինվորները մինչև վերջին պահը կենաց-մահու կռիվ են տվել ռազմի դաշտում, «Պատիվ ունեմ» դաշինքը այսօր համեմատում է շախմատի հետ, սև ու սպիտակ խաղաքարերի փոխարեն էլ միմյանց դեմ պայքարում են Հայաստանն ու Ադրբեջանը։ Թերևս փաստ է, որ նախորդ իշխանությունների համար հայ ժողովրդի կյանքը զուտ խաղ է եղել, իրենք էլ խաղի կանոնները թելադրողը։
Ընդդիմադիր քաղաքական ուժը, որը պատերազմի ավարտից հետո ամեն միջոց օգտագործել է քաղաքական դաշտում վերակենդանության նշաններ ցույց տալու համար, ընդգծում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե մենք երբեք մեզ պարտված չենք ճանաչի։ Սա այն դեպքում, երբ դաշինքը գլխավորող Արթուր Վանեցյանը, ականատես զինվորների վկայությամբ, թողել ու փախել էր կռվի դաշտից։
Իսկ, որ Վանեցյանը ամեն պահ պատրաստ է դավաճանել սեփական սկզբունքներին, ուր մնաց հավատարիմ մնար հայրենիքին, ժողովուրդը տեսել է նրա՝ ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատվելուց հետո, երբ ակնհայտ ստելով հայտարարեց, թե երբեք ՀՀԿ-ի դեմ չի պայքարել։ Այսօր էլ իրական երեսը կորցրած «հայրենիքի նվիրյալ» գեներալը դաշինք է կազմել ՀՀԿ-ի հետ։
Իսկ հոլովակում նշել, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը 5 միլիարդ դոլարի դիմաց է հանձնել Արցախի 7 շրջանները, աբսուրդի ժանրից է։ Հոլովակում այս դրվագը ներառելը, թերևս, ՀՀԿ-ի առաջին դեմք, 2018 թվականին ժողովրդի կողմից մերժված Սերժ Սարգսյանի գաղափարը կարող էր լինել։ Արդեն իսկ փաստ է, որ մերժված նախագահը իր իսկ ձեռով «ջախջախիչ կոմպրոմատի» շնորհիվ ապացուցեց, որ Նիկոլ Փաշինյանը ֆորմալ ու պաշտոնական բանակցություններում պաշտպանել է Արցախի շահը, և խոսք չի կարող գնալ հողեր վաճառելու մասին։
Հոլովակում օգտագործել Արցախի օկուպացված տարածքներն ու Արցախի խորհրդանիշ Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին, իսկ վրան դնել ադրբեջանական դրոշը, հաստատում է այն փաստը, որ դաշինքը քաղաքական նպատակներին հասնելու համար պատրաստ է ցանկացած սրբապիղծ արարքի։
Պետք է նկատել, որ հոլովակը հրապարակել է մի քաղաքական ուժ, որը Հայաստանի քաղաքական դաշտում նոր չէ։ Եվ հոլովակում բացառապես պատերազմի արդյունքներն ամփոփող կադրեր են։ Հարց է առաջանում պատերազմն ու դրա արդյունքները այս քաղաքական ուժի համար կորուստ էր, թե՞ նվեր։
Անկախ քաղաքական գործընթացներից ձեր կեղտոտ ֆանտազիաները օգտագործեք այլ տեղերում, ոչ թե ժողովրդի համար սրբատեղի դարձած Եռաբլուրում։ Գուցե ողջերից ձեր մեղքերը քավելու առիթ դեռ ունենաք, բայց անմահացածների դեմ գործած մեղքերի բեռի տակից ձեր հաջորդ սերունդներն անգամ չեն կարող դուրս գալ։
Շողիկ Կակոյան