fbpx
Աշխարհ

ԱՄՆ ևս մեկ նահանգում Հայոց ցեղասպանության պատմության դասավանդումը կլինի պարտադիր

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հայտնել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների Մասաչուսեթս նահանգի միջին և ավագ դպրոցներում ցեղասպանության ուսուցումը այսուհետ կլինի պարտադիր: 2021 թ. փետրվարի 2-ին մի խումբ օրենսդիրներ Մասաչուսեթսի Սենատի և Ներկայացուցիչների պալատի հաստատմանն էին ներկայացրել ցեղասպանության կրթության վերաբերյալ No. 692 օրինագիծը, որը նահանգապետի կողմից ստորագրվեց 2021 թ. դեկտեմբերի 2-ին՝ այդպիսով ստանալով օրենքի ուժ:

«Այն կիրառության մեջ կմտնի ուսումնական նոր տարում՝ 2022 թ. հուլիսի 1-ից սկսած:

Օրենքը նախատեսում է հասնել և նպաստել մարդու համապարփակ իրավունքների ուսուցմանը՝ հատուկ ուշադրություն դարձնելով ցեղասպանության անմարդկայնության ուսումնասիրությանը, ներառելով, բայց չսահմանափակվելով Հոլոքոստով, Հայոց ցեղասպանությամբ, Ուկրաինայի սով – ցեղասպանությամբ, որը հայտնի է Հոլոդոմոր անունով, Պոնտոսի հույների ցեղասպանությամբ, 17-19-րդ դդ. ստրկավաճառության նպատակով աֆրիկացիների բռնի փոխադրմամբ Ամերիկա, Ամերիկա մայրցամաքում տեղաբնիկների նկատմամբ իրականացված, ինչպես նաև Բոսնիայում, Կամբոջայում, Ռուանդայում, Սուդանում բոլորովին վերջերս տեղի ունեցած բռնություններով:

Օրենքը սահմանում է, որ ցեղասպանության պատմության ուսուցումը նահանգում պետք է կատարվի պատմության և հասարակագիտության ուսումնական ծրագրերի շրջանակներում, այլ ոչ որպես առանձին դպրոցական առարկա՝ միևնույն ժամանակ պարզաբանելով դասավանդման, հատուկ դպրոցական ձեռնարկների և գրքերի պատրաստման ֆինանսավորումը:

ՀՑԹԻ-ի տնօրինությունը ողջունել է օրենքի ընդունումը և շնորհակալական նամակ հղել սենատոր Ռոդրիգեսին: Նամակում շեշտվել է ցեղասպանության կրթությունը որպես հանցագործությունը կանխարգելող գործոն, դրա կարևորությունը Հայաստանի և հայ ժողովրդի համար, պատրաստակամություն հայտնելով նյութերով օժանդակելու Մասաչուսեթսի կրթության բաժանմունքին և նահանգի կրթական հաստատություններին»,- ասվում է հաղորդագրությունում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ