Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն ապրիլի 30-ին պաշտոնապես հայտարարել է գահից Ակիհիտո կայսեր հրաժարման մասին: Այս մասին ասված է նրա հայտարարության մեջ, որը NHK հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում ընթերցել է երկրի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան։
«Նորին մեծությունը, հատուկ օրենքի դրույթներին համապատասխան, այսօր վայր է դնում իր լիազորությունները»,-նշվում է փաստաթղթում:
Վարչապետն այդ կապակցությամբ ժողովրդի անունից խորը երախտագիտություն է հայտնել կայսեր Ակիհիտոյին և կայսրուհի Միտիկոյին:
Ճապոնիայի Ակիհիտո կայսրն ապրիլի 30-ի երեկոյան պաշտոնաթողությունից կարճ ժամանակ անց կայսերական պալատից կտեղափոխվի Տոկիոյի ժամանակավոր նստավայր, նախքան Տոգու պալատում հիմնավորվելը, որտեղ ապրել է իր որդին և գահաժառանգ արքայազն Նարուհիտոն: Ինչպես սպասվում է, Նարուհիտոն Ճապոնիայի նոր կայսրը կդառնա մայիսի 1-ից և ընտանիքի հետ կտեղափոխվի կայսերական պալատ: Հանգստի գնացած կայսրը տիկնոջ՝ Միտիկոյի հետ որոշ ժամանակ կապրի Տականավայի շրջանում գտնվող պալատում, քանի դեռ նորոգման աշխատանքներ կընթանան Տոգու պալատում։
Վերանորոգումից հետո Ակիհիտոն տիկնոջ հետ կտեղափոխվի Տոգու պալատ: Ինչպես նշում է «Կիոդո» գործակալությունը, Տականավայի շրջանի ժամանակավոր նստավայրը դատարկ է մնացել այն բանից հետո, երբ 2004 թվականին մահացավ այնտեղ ապրող Ակիհիտոյի հորաքույրը՝ արքայադուստր Տակամացուն:
Կայսերական պալատից տեղափոխվելուց հետո հեռացող կայսրն ու նրա տիկինն աղոթելու են Ճապոնիայի ժողովրդի համար և ավելի շատ ժամանակ են անցկացնելու ընկերների հետ, ընթերցելու են և երաժշտություն են լսելու: Հավելենք, որ ապրիլի 30-ին ավելի վաղ Ակիհիտոն ավարտել է գահից հրաժարման հետ կապված կրոնական ծիսակատարությունները: