Յուտայի հովտի համալսարանում (UVU) 31-ամյա Չարլի Քըրքի սպանության մեջ կասկածվող 22-ամյա Թայլեր Ռոբինսոնը շարունակում է հրաժարվել համագործակցել իրավապահների հետ։ Յուտայի նահանգապետ Սփենսեր Քոքսը հաստատել է, որ չնայած կասկածյալի շրջապատի անդամները ցուցմունքներ են տալիս, ինքը՝ Ռոբինսոնը, որևէ խոստովանություն չի արել։
Դեպքի վայրում հայտնաբերված փամփուշտների վրա առկա են եղել հակաֆաշիստական և այլ գաղափարական բնույթի փորագրություններ, ինչը լրացուցիչ ուշադրություն է հրավիրել հետաքննության վրա։ Նահանգապետ Քոքսի խոսքով՝ Ռոբինսոնի արմատականացումը, հավանաբար, տեղի է ունեցել համացանցային «մութ» անկյուններում և ծայրահեղական համայնքներում։ Կասկածյալի սենյակակիցը՝ Լենս Թվիգսը, ներկայումս համագործակցում է հետաքննության հետ և ոստիկանությանը տրամադրել է հաղորդագրություններ, որոնք իբր մատնանշում են հանցագործության նախապատրաստման մասին։
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Քըրքի սպանության գործով լայնածավալ հետաքննություն է ընթանում՝ ընդգծելով, որ իրավապահները ստուգում են կասկածյալի հետ կապ ունեցող մի շարք անձանց։ Քննիչները փորձում են պարզել, թե արդյոք սպանությունը կատարվել է անհատական մղումներով, թե՞ այն եղել է ավելի լայն կազմակերպված գործողության մաս։

