«𝘼𝙜𝙧𝙤𝙄𝙣𝙛𝙤»-ն պարզել է, որ գյուղատնտեսական հաշվառման վերաբերյալ ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակվող տվյալները չեն կարող ճշգրիտ լինել, չեն համապատասխանում իրականությանը և այդ տվյալների հավաքագրումը պատշաճ չի իրականացվում։
Թե ինչպես ենք պարզել նշվածը կարող եք կարդալ ստորև․
ՀՀ վիճակագրական կոմիտեն 𝘢𝘳𝘮𝘴𝘵𝘢𝘵.𝘢𝘮 կայքի միջոցով հրապարակում է գյուղատնտեսության վերաբերյալ հետևյալ հաշվառման տվյալները․
𝟭․ «2021 թվականի բերքի տակ կատարված գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքերի համատարած հաշվառման հանրագումարները»։
Նշված հաշվետվությունը վերաբերվում է գյուղատնտեսական հիմնական մշակաբույսերի ցանքատարածությունների վերաբերյալ տվյալներին, մասնավորապես՝ հացահատիկային և հատիկընդեղենային մշակաբույսեր, տեխնիկական մշակաբույսեր, բանջարանոցային մշակաբույսեր, բոստանային մշակաբույսեր, կերային մշակաբույսեր, կարտոֆիլ։
Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի 2021թ. հունիսի 1-ի դրությամբ գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունների ամենամյա հաշվառումն անց է կացվել հանրապետության բոլոր համայնքներում/բնակավայրերում և բուսաբուծությամբ զբաղվող առևտրային կազմակերպություններում: Այն իրականացվել է համայնքնապետարանների և առևտրային կազմակերպությունների կողմից, ամփոփ արդյունքները ներկայացվել են վիճակագրական հաշվետվությունների միջոցով, հղումը՝ https://armstat.am/am/?nid=82&id=2408 :
𝟮. «Գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքային տարածությունները, բազմամյա տնկարկների տարածությունները, համախառն բերքը և միջին բերքատվությունը 2021 թվականին»։
Նշված հաշվետվությունը վերաբերվում է գյուղատնտեսական մշակաբույսերի և բազմամյա տնկարկների տարածություններին։ Ամենամյա ամփոփ վիճակագրական տվյալները տրամադրվել են բոլոր համայնքների և գյուղատնտեսությամբ զբաղվող առևտրային կազմակերպությունների կողմից վիճակագրական հաշվետվությունների միջոցով։ Հաշվետվության հղումը՝ https://armstat.am/am/?nid=81&id=2467 ։
𝟯. «Գյուղատնտեսական կենդանիների համատարած հաշվառման հանրագումարները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ»։
Նշված հաշվետվությունը վերաբերվում է Խոշոր եղջերավոր կենդանիների, խոզերի, ոչխարների, այծերի, ձիերի, թռչունների գլխաքանակների վերաբերյալ տվյալներին։
2021թ. հունվարի 1-ի դրությամբ գյուղատնտեսական կենդանիների ամենամյա համատարած հաշվառումն անց է կացվել հանրապետության բոլոր տնտեսություններում տեղական ինքնակառավարման մարմինների կողմից (մարզպետարանների հետ համատեղ): Գյուղատնտեսությամբ զբաղվող առևտրային կազմակերպությունների ցուցանիշները հավաքվել են վիճակագրական հաշվետվությունների միջոցով: Գյուղատնտեսական կենդանիների համատարած հաշվառման տվյալների արժանահավատության գնահատման նպատակով 2021թ. փետրվարին «Արմստատ»-ի կողմից հանրապետության բոլոր մարզերի 309 գյուղական վայրերի 15 765 գյուղացիական տնտեսություններում անց են կացվել գյուղատնտեսական կենդանիների հաշվառման արդյունքների ստուգաճշտումներ: Ստուգաճշտմամբ ստացված տվյալներով ճշգրտվել են համատարած հաշվառման արդյունքները, այսպես. խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակն ավելացել է 1.7 %-ով, կովերինը` 1.1 %-ով, խոզերինը՝ 2.7 %-ով, ոչխարներինը և այծերինը` 2.9 %-ով, թռչուններինը՝ 3.0 %-ով: Հաշվետվության հղումը՝ https://armstat.am/am/?nid=82&id=2367։
Նշված ստուգաճշտման հետ կապված «ԱգրոԻնֆոն»-ն հարցում կատարեց Վիճակագրակա կոմիտե, պարզելու համար թե
1․ Ո՞ր իրավական ակտի հիման վրա է իրականացվել նշված ստուգաճշտումները։
2․ Քանի՞ աշխատանքային օր է անհրաժեշտ եղել նշված ստուգաճշտումները իրականացնելու համար։
3․ Քանի աշխատակից է ներգրավված եղել նշված աշխատանքներն իրականացնելու համար։
4․ Հաշվետվության մեջ նշված 15765 գյուղացիական տնտեսությունների հետ ի՞նչ եղանակով է կապ հաստատվել և կոնտակտային տվյալները ո՞ր պետական մարմինն է հավաքագրել։
5․ Խնդրել ենք նշել ո՞րն է եղել տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ներկայացված տվյալների անճշտության պատճառները։
6․ Խնդրել ենք հայտնել արդյոք հնարավոր է «2021 թվականի բերքի տակ կատարված գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքերի համատարած հաշվառման հանրագումարները» և «Գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքային տարածությունները, բազմամյա տնկարկների տարածությունները, համախառն բերքը և միջին բերքատվությունը 2021 թվականին» հաշվետվությունների մեջ ևս անճշտություններ։
Վիճակագրական կոմիտեն այս հարցերից մի քանիսին չի պատասխենել․
քանի աշխատանքային օր է անհրաժեշտ եղել, քանի աշխատակից է ներգրավված եղել, ինչ եղաակով է հավաքագրվել ինֆորմացիան և կոնտակտային տվյալների ինչ բազա է օգտագործվել (վերջին հարցը պատասխանել է մասնակի)։
Վերը նշվածից պարզ է դառնում, որ այս հաշվետվությունների տվյալների մեծ մասը տրամադրում են տեղեկան ինքնակառավարման մարմինները։
Մենք որոշեցին գտնել թե ո՞ր իրավական ակտի հիման վրա է ՏԻՄ-ը իրականացնում գյուղատնտեսական հաշվառումը․
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին»ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համայնքի ղեկավարը գյուղատնտեսության բնագավառում իրականացնում է համայնքի գյուղատնտեսական ռեսուրսների հաշվառում, որի կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
Սակայն կառավարության կողմից սահմանված կարգը այդպես էլ չգտանք։
Մենք հարցում կատարեցինք ՀՀ Տարածքային կառավարման նախարարությանը խնդրելով հայտնել այն իրավական ակտի համարը և ամսաթիվը, որով կարգավորվում է համայնքի գյուղատնտեսական ռեսուրսների հաշվառումը։
Տարածքային կառավարման նախարարությունը հարցումը վերահասցեագրեց Էկոնոմիկայի նախարարությանը։ Էկոնոմիկայի նախարարության աշխատակիցը կապ հաստատեց մեզ հետ, հստակեցնելու համար թե մեզ կոնկրետ ինչն է հետաքրքրում, մեր պարզաբանումից հետո աշխատակիցը արձանագրեց, որ այդպիսի կարգ դեռևս գոյություն չունի։ Այնուհետև Էկոնոմիկայի նախարարությունը մեր հարցմանը գրավոր պատասխանեց նշելով, որ
Գյուղատնտեսական կենդանիների հաշվառումն իրականացվում է համաձայն․
1․ «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի (նշված դրույթը դեռևս չի գործում, քանի որ կենդանիների համարակալման գործընթացը նոր է սկսվել) և ՀՀ գյուղատնտեսության նախարարի 2007 թվականի նոյեմբերի 15-ի «Անասնաբուծական և տոհմային հաշվառման գրանցամատյանների ձևերը հաստատելու մասին» N 270-Ն հրամանի (նշված հրամանով հաստատվում է միայն գրանցամատյանների ձևերը, սակայն թե ինչպես պետք է հավաքագրվի ինֆորմացիան՝ չի կարգավորվում),
2․ Գյուղատնտեսական կենդանիների հաշվառման հանրագումարները ներկայացվում են համաձայն ՀՀ վիճակագրական պետական խորհրդի 2019 թվականի մարտի 20-ի N 22-Ն որոշման (համաձայն որոշման գյուղատնտեսական կենդանիների համատարած հաշվառումը հանրապետությունում յուրաքանչյուր տարի անց է կացվում հունվարի 1-ի դրությամբ հանրապետության բոլոր համայնքների կողմից, գյուղական վայրերում` բոլոր, իսկ քաղաքային վայրերում` միայն կենդանի ունեցող տնտեսություններում: Այն չի կարգավորում ինֆորմացիայի հավաքագրման ընթացակարգը, միայն հաշվետվության լրացման կարգը),
3․ ՀՀ հողային հաշվեկշիռը կազմվում է համաձայն ՀՀ կառավարության ՀՀ կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության հողային հաշվեկշիռը կազմելու կարգը հաստատելու մասին» N 656 որոշման։
Միաժամանակ մենք հարցում ենք կատարել նաև ՀՀ մի շարք համայնքների խնդրելով հայտնել, թե ո՞ր իրավական ակտով է առաջնորդնվում համայնքը գյուղատնտեսական ռեսուրսների հաշվառումն իրականացնելու նպատակով։ Ինչպե՞ս է հավաքագրվում անհրաժեշտ տեղեկությունները հաշվառումն իրակականացնելու համար, ի՞նչ հաճախականությամբ է գյուղատնտեսներից ստացվում տեղեկությունները, նշված աշխատանքները իրականացնելու համար ըստ հաստիքների քանի աշխատակից է ներգրավված (խնդրել ենք նշել աշխատանքային հաստիքները և այդ հաստիքներում աշխատող անձանց քանակը):
Նշված հարցմանը Ամասիայի, Մասիսի համայնքապետարանները մինչ օրս չեն պատասխանել։
Թալինի համայնքապետարանը պատասխանել է, որ նշված աշխատանքների համար համայնքապետարանում հատուկ հաստիքներ չկան և պարտականություններ համայնքի ղեկավարի որոշմամբ դրված է համայնքի ղեկավարի տեղակայի վրա։ Տեղեկությունների հավաքագրման նպատակով հաճախակի տրվում են հայտարարություններ և բնակիչների դիմումներից ստացվում են անհրաժեշտ տեղեկություններ, ինչպես նաև իրականացվում է անասնագխաքանակի տարեկան հաշվառում։
Արարատի համայնքապետարանը հայտնել է, որ այդ աշխատանքները իրականացվում է «Գյուղատնտեսության և բնապահպանության» բաժնի աշխատակիցների կողմից ինչպես նաև առաջին կարգի և առաջատար մասնագետների կողմից։
Ճամբարակի համայնքապետարանը հարցմանը պատասխանելով հղում է արել «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածով սահմանված համատարած հաշվառմանը։ Սակայն համաձայն նշված դրույթի մարդահամարները և գյուղատնտեսական համատարած հաշվառումներն անցկացվում են առնվազն 10 տարին մեկ։ Նշված դրույթը կապ չունի մեր հարցման հետ (մեր հարցումը վերաբերվում է ՏԻՄ օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն գյուղատնտեսության բնագավառում իրականացվող գյուղատնտեսական ռեսուրսների հաշվառմանը, որի կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը)։
Հարցման մնացած կետերին համայնքապետարանը չի պատասխանել։
Նշված պատասխաններից կարելի է ենթադրել, որ տարբեր համայնքներ սուբյեկտիվ են կազմակերպում այդ աշխատանքները։ Չի իրականացվում համակարգված աշխատանք, չկա վերահսկողություն, թե ինչպես և ինչ հաճախականությամբ է հավաքագրվում տվյալները հայտնի չէ։ Համայանքները նաև չեն պատասխանել այն հարցին, թե որ իրավական ակտի հիման վրա է իրականացվում խնդրո առարկա հաշվառումը։ Միևնույն ժամանակ Էկոնոմիկայի նախարարության կողմից տրված պատասխանից նույնպես պարզ է դառնում, որ «Բերքի տակ կատարված գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքերի համատարած հաշվառման հանրագումարներ» և «Գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքային տարածությունները, բազմամյա տնկարկների տարածությունները, համախառն բերքը և միջին բերքատվություն» հաշվետվությունների ինֆորմացիայի հավաքագրման համար Կառավարությունը կարգ դեռևս չի հաստատել (սակայն օրենքում գրված է, որ պետք է հաստատի)։
Այսպիսով կարելի է եզրակացնել, որ տարիներ շարունակ գյուղատնտեսական ռեսուրդների վերաբերյալ ՀՀ-ի տվյալները իրականությունից շատ հետու են, քանի ոև դրանց հավաքագրման համար անհրաժեշտ իրավական ակտ գոյություն չունի, որի հետևանքով չկա ինդորմացիայի հավաքագրման մեխանիզմ, հաապատասխան պաշտոնատար անձինք այդ աշխատանքները իրականացնելու համար։ Յուրաքանչյուր ոլորտի զարգացման համար անհրաժեշտ և կարևոր պայման է տիրապետել այդ ոլորտի համար ելակետային տվյալները, որի հիման վրա նոր կառուցել ոլորտի քաղաքականությունը։ Չունենալով դա՝ ակնհայտ է, որ անհնար է ռեսուրսները ճիշտ և հասցեական բաշխել, իմանալ թե որոնք են այն ճյուղերը, որ ունեն կառավարության առանձնակի ուշադրության կարիքը։