Փարաքարում, կարծես թե, վերջապես հանգուցալուծվում է համայնքապետարանում առաջացած ճգնաժամը։ Բանն այն է, որ «Ապրելու Երկիր» խմբակցությունը որոշ ժամանակ առաջ միայնակ առաջադրել էր իր թեկնածուին ու նրան ընտրել համայնքապետ 21 հոգանոց ավագանու 10 հոգանոց կազմով։ Ընտրության ժամանակ ներկա չէին «Դավիթ Մինասյան» ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների անդամները (11 անձ), որոնք էլ հետո առաջադրեցին իրենց թեկնածուին ու նրան ընտրեցին 11 հոգով։
Այսպիսով՝ ստեղծված իրավիճակը առաջացրեց ճգնաժամ համայնքապետարանում ու տևական լարվածություն։ «Դավիթ Մինասյան» դաշինքը դատական հայց ներկայացրեց՝ ընտրություններն անվավեր ճանաչելու պահանջով, ինչն էլ բավարարվեց վարչական դատարանի կողմից։
Իսկ քիչ առաջ էլ հայտնի դարձավ, թե ի վերջո ով է լինելու Փարաքարի համայնքապետը։ Ուրբաթ օրը մեկնարկած այսօրվա նիստում Փարաքարի համայնքապետ ընտրվեց Դավիթ Մինասյանը։ Սակայն նա ղեկավարելու է 5 տարիների առաջին 2,5 տարին, որից հետո կառավարումն անցնելու է ՔՊ-ի թեկնածու Լյուդվիգ Գյուլնազարյանին։
Նշենք նաև, որ «Ապրելու երկիր» խմբակցության անդամները վայր դրեցին իրենց 10 մանդատները և լքեցին նիստերի դահլիճը։
