Չիկագոյի մետրոպոլիսային տարածքում հորդառատ անձրևների հետևանքով հայտարարվել է հեղեղումների վտանգի մասին արտակարգ դրություն: ԱՄՆ Ազգային օդերևութաբանական ծառայությունը (NWS) զգուշացրել է Կուկ, Դյուփեյջ, Քեյն, Քենդալ և Ուիլ շրջանների բնակիչներին՝ զերծ մնալ տեղաշարժից, քանի որ ջրի մակարդակի կտրուկ բարձրացումը վտանգավոր իրավիճակներ է ստեղծել ճանապարհներին և ստորգետնյա անցումներում:
Եղանակային պայմանները լուրջ վնասներ են հասցրել ենթակառուցվածքներին: Շաբաթ օրը «Bishop Ford» ավտոմայրուղին երկու ուղղություններով փակվել էր՝ ջրի հեղեղման պատճառով, ինչի հետևանքով տասնյակ մեքենաներ մնացել էին արգելափակված: ComEd ընկերությունը հայտնել է, որ փոթորկի հետևանքով տասնյակ հազարավոր բաժանորդներ հոսանքազրկվել են, իսկ վթարային ծառայությունները շարունակում են աշխատանքները էլեկտրամատակարարումը վերականգնելու ուղղությամբ:
Իշխանությունները հաստատել են ողբերգական դեպքեր. Քենդալ շրջանում 47-ամյա կինը և նրա երկու շները մահացել են ծառի տապալման հետևանքով, որն ընկել է նրանց վրանային կցորդի վրա: Հիշեցնենք, որ ուրբաթ օրը Ժնևի լճում նավակի շրջվելու հետևանքով մահացել էր երեք երեխա:
Հարվի և Էլգին քաղաքներում փրկարարները բազմաթիվ գործողություններ են իրականացրել՝ ջրի մեջ արգելափակված վարորդներին դուրս բերելու համար: Պաշտոնյաները կոչ են անում վարորդներին չփորձել անցնել ջրածածկ ճանապարհներով՝ ընդգծելով, որ հեղեղումների ժամանակ մահվան դեպքերի մեծ մասը կապված է հենց մեքենաների մեջ արգելափակվելու հետ:
Փոթորկի պատճառով չեղարկվել կամ հետաձգվել են հուլիսի 4-ի տոնական միջոցառումները, այդ թվում՝ հրավառությունները Նեյփերվիլում, Էլգինում, Լոմբարդում և Սթրիմվուդում: Օդերևութաբանները նախազգուշացնում են, որ չնայած անձրևները դադարել են, ջրի մակարդակը գետերում և առուներում դեռևս կարող է բարձրանալ՝ վտանգ ներկայացնելով բնակչության համար:

