Չիլիի կառավարությունը համաձայնել է նոր սահմանադրություն գրելուն, որը կփոխարինի դեռևս Պինոչետի դիկտատուրայի ժամանակներից գործող սահմանադրությանը։ Այդկերպ իշխանությունները որոշել են ընդառաջել բողոքողների պահանջներին։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։
Ներքին գործերի նախարար Գոնսալո Բլյումելի խոսքով՝ նախագահը, կառավարության անդամները և քաղաքական դաշնակիցնեը համաձայնել են, որ Կոնգրեսը պետք է ղեկավարի սահմանադրությունը գրելու գործընթացը։ Փաստաթուղթը կդրվի հանրաքվեի։
Հայտարարությունն արվել է երեք շաբաթ տևած բողոքներից հետո, որոնք ուղղված էին մետրոյի ուղեվարձի բարձրացման դեմ։ Դրանք հանգեցրել են հրդեհումների, անկարգությունների և թալանի։
Նոր սահմանադրությունը բողոքողների գլխավոր պահանջն էր։ Քնադատները վաղուց պնդում են, որ առկա փաստաթուղթը, որը գրվել և հավանության է արժանացել գեներալ Աուգուստո Պինոչետի ռազմական դիկտատուրայի ժամանակ 1973-1990 թվականներին, լեգիտիմություն չունի։