fbpx
Քաղաքականություն

Չկա որևէ հիշատակում միջանցքների մասին. Արմեն Գրիգորյան

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի նախագահությամբ կայացել է ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի հերթական նիստը։ Քննարկվել են ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները չեզոքացնելու միջոցառումները, ՀԱՊԿ տարածաշրջանում համատեղ հակաահաբեկչական գործողությունների վերաբերյալ առաջնայնություն ներկայացնող հարցեր։

ԱԽ քարտուղարը խոսել է Հարավային Կովկասում ստեղծված անվտանգային միջավայրի մասին։

Ա․ Գրիգորյանը մասնավորապես նշել է, որ դեռևս տարածաշրջանը մարտահրավերներով լի է, ինչը պայմանավորված է հայ-ադրբեջանական չկարգավորված հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ։ ԱԽ քարտուղարը նաև ներկայացրել է Հայաստանի տեսակետները և մոտեցումները տարածաշրջանում անվտանգային իրավիճակը կայունացնելու և առկա մարտահրավերները չեզոքացնելու ուղղությամբ։

Գրիգորյանն անընդունելի է համարել Ադրբեջանի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտումը, մասնավորեցնելով մայիսի 28-ին ադրբեջանական զորքերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքը, ինչի արդյունքում զոհվել էր ՀՀ ԶՈՒ-ի զինծառայող։

Անդրադառնալով տարածաշրջանային հաղորդակցման ուղիների ապաշրջափակմանը՝ ԱԽ քարտուղարը նշել է, որ Ադրբեջանը ժամանակ առ ժամանակ բարձրացնում է այսպես կոչված Հայաստանի տարածքով «տրանսպորտային միջանցք» բացելու հարցը և Գրիգորյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում միջանցքային տրամաբանությամբ որևէ տրանսպորտային ուղի գոյություն ունենալ չի կարող։

Նա նաև ընդգծել է, որ համաձայն Հայաստան, Ռուսաստան, Ադրբեջան եռակողմ բոլոր հայտարարությունների՝ նոյեմբերի 9, հունվարի 11 և նոյեմբերի 21, չկա որևէ հիշատակում միջանցքների մասին։

Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը նշել է, որ հակամարտությունը դեռևս լուծված չէ և հիմնահարցի համապարփակ լուծումը պետք է տրվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։

Նիստի ավարտին՝ ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների որոշմամբ, հաստատվել է ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կառավարման մարմինների ու կազմավորումների 2023 թվականի համատեղ պատրաստության պլանը:

Հավանության է արժանացել ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի որոշումը՝ «Наемник» օպերատիվ-կանխարգելիչ գործողությանը տալ ՀԱՊԿ մշտապես իրականացվող գործողությունների կարգավիճակ, որը ներկայացվելու է երկրի ղեկավարների հավանությանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ