Հուլիսի 17-ին կայանալիք «Ոդիսական» ֆիլմի պրեմիերային ընդառաջ՝ ռեժիսոր Քրիստոֆեր Նոլանը հայտարարել է, որ Հոմերոսի հնագույն էպոսը ժամանակակից սուպերհերոսական ֆրանշիզների նախատիպն է։ «The Late Show»-ի ժամանակ Նոլանը նշել է, որ հին հույների՝ աստվածների մասին պատմությունները և ժամանակակից կոմիքսների հերոսների նկատմամբ հետաքրքրությունը հիմնված են նույն մարդկային ձգտումների վրա՝ հավատալու, որ գերմարդկային ուժերով օժտված էակները կարող են ապրել մեր կողքին։
Ֆիլմը, որի գլխավոր դերերում են Մեթ Դեյմոնը, Էն Հեթուեյը և Ռոբերտ Փաթինսոնը, պատմության մեջ առաջին լիամետրաժ ֆիլմն է, որն ամբողջությամբ նկարահանվել է IMAX տեխնոլոգիայով։ Նոլանը, որը հայտնի է իր մասշտաբային նախագծերով, նշել է, որ Հոմերոսին կարելի է համարել իր ժամանակի Ջորջ Լուկասը, քանի որ նրա ստեղծած պատմությունները դարեր շարունակ ծառայել են որպես էպիկական պատումի չափանիշ։
Նախագիծը մեծ սպասումներ է առաջացրել նաև «Օփենհեյմեր»-ի հաջողությունից հետո, որը 2023 թվականին ստացել էր «Օսկար» մրցանակներ։ Ռեժիսորը խոստովանել է, որ նման հայտնի սյուժեի ադապտացումը մեծ պատասխանատվություն է պահանջում, սակայն նա ձգտել է հանդիսատեսին ներկայացնել պատմության հնարավորինս անկեղծ և ուժեղ մեկնաբանությունը։ Ֆիլմը կինոթատրոններում կհայտնվի հուլիսի 17-ին։

