Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն մեկնաբանել է «Ռուսթավի-2» հեռուստաընկերության եթերում ՌԴ նախագահին ուղղված հայհոյախառն արտահայտությունները: Այս մասին հաղորդում է Russia Today-ը:
Ըստ աղբյուրի՝ Բուրջանաձե նշել է, որ հեռուստաընկերության ներողությունը բավարար չէ իրավիճակը հարթելու համար:
«Դա պարզապես անքաղաքավարություն չէր, այլ ծրագրավորված սադրիչ գաղափար, որպեսզի վերջնական պառակտում մտցվի ռուս-վրացական հարաբերություններում»,- ասել է Բուրջանաձեն:
Վերջինս նշել է, որ համոզված է՝ տեղի ունեցածը համաձայնեցված է եղել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հետ՝ նկատելով, վրացի ժողովուրդը ցնցված է, քանի որ տեղի ունեցածն ընկալել է որպես նաև իրեն ուղղված վիրավորանք: