fbpx
Աշխարհ
21:30 08/12/2019

Դանիայում մտադիր են վնասակար արտանետումների կրճատմանն ուղղված օրենք ընդունել

Դանիայի կառավարությունը և երկրի յոթ այլ կուսակցություններ օրենսդրական նախագիծ են համաձայնեցրել, որի նպատակն է կրճատել մթնոլորտ վնասակար արտանետումների չափը։ Այս մասին հաղորդում է DW-ը։

Ըստ դեկտեմբերի 6-ի երեկոյան ստորագրված փաստաթղթի՝ ծրագրվում է մինչև 2030թ․ մթնոլորտ վնասակար արտանետումների կրճատումը հասցնել 70%-ի՝ համեմատած 1990թ․ մակարդակի հետ։ Բացի դրանից՝ մինչև 2050թ․ պետք է հասնել կլիմայական չեզոքության, այսինքն ածխաթթու գազի արտանետումները չպետք է գերազանցեն այն ծավալը, որը կարող է կլանվել։

Ըստ նախագծի՝ այդ նպատակները պարտադիր են լինելու և՛ գործող կառավարության, և՛ նրանց համար, ովքեր իշխանության կգան ապագայում։ Այն ունի նաև միջանկյալ նպատակներ, որոնց հասնելը պետք է պարբերաբար ստուգման ենթարկվի։ Այդ նպատակների համար ծրագրվում է ընդլայնել երկրի Կլիմայական խորհրդի կազմը և ավելացնել դրա ֆինանսավորումը։

Դանիայի խորհրդարանը նախագծի հարցով քվեարկությունը կանցկացնի 2020թ․ փետրվարին։ Ակնկալվում է, որ օրենքը կընդունվի, քանի որ դրան հավանություն տված կուսակցությունները զբաղեցնում են խորհրդարանի 179 տեղից 167-ը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ