ԱՄՆ-ն, ըստ էության, անտեսել է իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորման վերաբերյալ միջազգայնորեն ճանաչված մոտեցումը, ինչը դժվար թե օգնի իրավիճակին: Այս մասին, ինչպես փոխանցում է Stampa պարբերականը, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«ԱՄՆ-ն իր ոճով առաջարկել է «մեկ քայլով» լուծել ժամանակակից աշխարհի ամենահին հակամարտություններից մեկը: Միաժամանակ Վաշինգտոնում, ըստ էության, անտեսել են մերձավորարևելյան կարգավորման համընդհանուր ճանաչված միջազգային-իրավական բազան, որը ներառում է Անվտանգության խորհրդի և ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի բանաձևերը»,-իտալական պարբերականին տված հարցազրույցի ժամանակ ասել է Լավրովը:
Նա նշել է, որ ԱՄՆ-ի ծրագիրը ենթադրում է պաղեստինյան տարածքների «վերջնական կարգավիճակի» բոլոր առանցքային հիմնախնդիրների (սահմաններ, բնակավայրեր, Արևելյան Երուսաղեմ, փախստականներ) լուծում միակողմանի զիջումների միջոցով՝ հօգուտ Իսրայելի:
«Դժվար թե նման մոտեցումն օգնի իրավիճակի կարգավորմանը: Դա է վկայում նաև այն, որ այսպես կոչված «դարի գործարքը» ամբողջովին մերժվում է պաղեստինցիների կողմից»,-հավելել է Լավրովը:
Հիշեցնենք, որ հունվարի 28-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակել է Իսրայելի և Պաղեստինի նոր սահմանների քարտեզը՝ ըստ իր առաջարկած «դարի գործարքի»: Ըստ հրապարակված քարտեզի՝ Պաղեստինը, ենթադրաբար, երկու մայրուղիներով կմիանա Հորդանանի սահմանային անցումներին: Պաղեստինյան Արևմտյան ափը Հորդանանից կբաժանվի իսրայելական տարածքի գծով: Ըստ Թրամփի առաջարկած քարտեզի՝ սիրիական Գոլանի բարձունքներն Իսրայելի տարածք են հանդիսանում: