fbpx
Իրավական

Դատական համակարգի անկախության հիմնական խոչընդոտը եղել են իշխանության ապօրինի հրահանգները․ կառավարություն

«Հայաստանի Հանրապետության զարգացմանը և արժանապատիվ ու երջանիկ քաղաքացի ունենալուն երկար տարիներ խոչընդոտող կարևորագույն գործոններից մեկն արդարության բացակայությունն էր, ինչն արտահայտվում էր ամենատարբեր ոլորտներում արտոնյալ խավերի, խմբերի և անհատների գոյությամբ, օրենքի և այլոց իրավունքների նկատմամբ նրանց ամենաթողությամբ և անպատժելիությամբ», – այս մասին ասվում է Կառավարության ծրագրի՝ այսօր հրապարակված նախագծում։

«Ազատ, արժանապատիվ և երջանիկ քաղաքացին» բաժնում մասնավորապես ներկայացվում են դատական իշխանության ու օրենքի գերակայության հարցերի մասին կառավարության պատկերացումները։

«Օրենքի առջև բոլոր մարդկանց հավասարության խնդիրը լուծելու առանցքային գործոնը Կառավարության քաղաքական կամքն է։ Կառավարությունը, վայելելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ակնհայտ մեծամասնության վստահությունը և հանդես գալով նրանց անունից, հաստատում է իր կամքն օրենքի առջև բոլոր մարդկանց հավասարությունն ապահովելու գործում», – ասված է փաստաթղթում։

Նախագծի համաձայն՝ արդարության զգացումի և օրենքի առջև բոլոր մարդկանց հավասարությունն ապահովելու կարևորագույն նախապայմանն անկախ և արդյունավետ դատական համակարգի գոյությունն է։

«Վերլուծությունը ցույց է տալիս, որ Հայաստանի Հանրապետությունում դատական համակարգի անկախության հիմնական խոչընդոտը եղել են իշխանության օղակներից դատարաններին իջեցվող ապօրինի հրահանգները։ Հրահանգավորման այս մեխանիզմը դատավորներին հնարավորություն է տվել պատասխանատվություն չկրել դատական ակտերի համար, որովհետև այդ ակտերը, ըստ էության, կայացվել են իշխանության ամենավերին օղակներում, իսկ դատավորները փաստացի միայն ստորագրել են դրանք», – նշվում է նախագծում։

Հիմա կառավարությունը, ըստ փաստաթղթի, բացառում է իշխանական կամ որևէ այլ օղակներից դատավորների գործունեությանն ապօրինի միջամտելու գործելակերպը։ Սրան զուգահեռ, կառավարությունը պետք է կարողանա նաև բացառել դատավորների կողմից անձնական նյութական շահագրգռվածությամբ՝ կաշառքով, առաջնորդվելու հնարավորությունը։

Նախագծի համաձայն՝ արդարադատության համակարգի նկատմամբ քաղաքացիների և գործարար հանրության սպասումներն արդարացնելու և գործարար միջավայրի բարելավման նպատակով շարունակաբար պետք է կատարելագործվի դատավարական օրենսդրությունը, հարկադիր կատարման ոլորտում պետք է իրականացվեն բարեփոխումներ՝ ուղղված պարտադիր կատարման ենթակա ակտերի հարկադիր կատարումը՝ սահմանված պահանջների պահպանմամբ, արդյունավետ, համաչափորեն, սեղմ ժամկետներում և կողմերի իրավունքների ապահովմամբ, իրականացնելուն:

Հաղորդում է shantnews.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ