fbpx
Իրավական

Դատապարտելի է՝ հայության տարբեր խմբերի հանդեպ խտրական վերաբերմունքը․ Բեգլարյան

Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը Facebook-ի իր էջում կրել է․

«Անվերապահորեն ու խստիվ դատապարտելի են վերջին օրերին սոցցանցերում նկատվող՝ հայության տարբեր խմբերի հանդեպ վիրավորական ու խտրական վերաբերմունքի դրսևորումները: Թեև տհաճորեն եմ անդրադառնում դրանց, սակայն պարտավոր ու ստիպված եմ՝ հաշվի առնելով դրանց ծավալները և ուժգնությունը:

1. Ընդհանրապես ու հատկապես այս վճռորոշ իրավիճակում, մեզ հարիր ու թույլատրելի չեն հայության տարանջատման և ներքին թշնամանքի հրահրման ճղճիմ փորձերը: Մարդու իրավունքների պաշտպանության և ներքին միասնականության մշակույթի ապահովումը պարզապես հրամայական է մեր ներքին ու արտաքին մարտահրավերների արդյունավետ դիմագրավման ճանապարհին:

2. Արցախը, որպես հայ ազգի արժանապատվության ու անվտանգության գլխավոր աղբյուրներից մեկը, հատկապես վերջին տասնամյակներում անդադար եղել է հայության հատուկ հոգածության ներքո: Դա ոչ ոք չի կարող ժխտել կամ ուրանալ, և բոլորս էլ միշտ եղել ենք երախտապարտ յուրաքանչյուր անձի, ով իր ամենափոքր իսկ ներդրումն է ունեցել Հայրենիքի (ներառյալ՝ Արցախի) անվտանգության ապահովման ու զարգացման գործում: Վերջին պատերազմը նույնպես բացառություն չէր, երբ ազգովի լծված էինք մեկ նպատակի՝ փոխօգնության բացառիկ մթնոլորտում. վկան՝ նաև տեղահանված արցախցիներին ու ընդհանրապես Արցախին ցուցաբերվող զանգվածային անշահախնդիր աջակցությունը:

3. Հաշվի առնելով տարանջատման ու թշնամանքի դրսևորումներում կեղծ օգտատերերի ակտիվ դերակատարությունը՝ ակնհայտ է, որ արտաքին և միգուցե ներքին կոնկրետ ուժեր շահագրգռված են հայ ազգը պառակտելու և Արցախի հանդեպ բացասական տրամադրություններ խթանելու հարցում: Եվ, ցավոք, այդ նպատակներին սպասարկող հուզական մանիպուլացիաների ծուղակն են ընկնում բազմաթիվ անձինք, որոնք ամենևին դիտավորություն չեն ունենում վնասելու մեզ համար այնքան կարևոր ներքին համերաշխությունն ու ամրությունը: Ուստի, դա ևս մեկ հիմք պետք է լինի սրտացավ մարդկանց համար զգուշանալ նման արհեստական ու հանցավոր արշավներին հավատալուց և մասնակցելուց: Նույնը, իհարկե, վերաբերում է նաև արցախաբնակ մեր հայրենակիցներին:

4. Թեև մարդն իր գործողություններում մեծապես առաջնորդվում է իռացիոնալ հիմքերով, սակայն ունի նաև ռացիոնալությունը կիրառելու կարողություն: Հետևաբար, մենք ունակ ու պարտավոր ենք հատկապես այսպիսի դեպքերում չտրվել կարծրատիպերը չարաշահող մանիպուլացիաներին և ջուր չլցնել մեր սեփական արժեքներին ու սկզբունքներին հակասող գործընթացների ջրաղացին: Ռացիոնալ եզրահանգումներից հետո հնարավոր է գիտակցել կոնկրետ երևույթների պատճառներն ու հետևանքները, արհեստական ընդհանրացումների ու տարանջատման փորձերի վտանգավորությունը:

Եկե՛ք երբեք չմոռանանք հատկապես ճգնաժամային պայմաններում մեր ներազգային համերաշխության ու միասնական ջանքերի անհրաժեշտությունը»:

https://www.facebook.com/artak.beglaryan/posts/3759651657406377

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ