fbpx
Իրավական

Դատարանի և Դատախազության միջև անհամաձայնություն է առաջացել՝ Քոչարյանի պատգամավորի թեկնածու լինելու հետ կապված

Երևանի ընդհանուր իրավասության Շենգավիթի դատարանում ընթանում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը։

Դատավոր Աննա Դանիբեկյանը արձանագրեց, որ առկա է հանգամանք, որը խոչընդոտում  է տվյալ գործի քննությանը, դա վերաբերվում է  Ռոբերտ Քոչարյանը և Արմեն Գևորգյանի կարգավիճակին։ «Մասնավորապես, քրեական հետապնդման ենթարկվելու անձեռնմխելիությանը, որը կապված է վերջիններիս պատգամավորի թեկնածուի կարգավիճակի հետ և հետագայում հնարավոր ձեռքբերվելիք պատգամավորի կարգավիճակի հետ»։

Դատարանը նշեց, որ երկու շաբաթ ժամանակ է տրվել, որպեսզի տեղեկատվություն տրամադրեն վերոնշյալ անձանց կարգավիճակի հետ կապված, բայց առ այսօր դատարանը տեղեկություն չունի։

Մեղադրող կողմը դատարանին հարցրեց, թե ինչի վրա հիմնվելով են հանգել այն եզրակացության, որ սույն վարույթին տվյալ պատճառը խոչընդոտում է։

Դատարանը հավելեց, որ չունի ստույգ տեղեկություններ, այդ պատճառով այժմ չի անդրադառնա այդ հարցին և ապա պաշտպանող կողմից վերցրեց, որոշ փաստաթղթեր ԿԸՀ-ից։

Մեղադրող կողմը՝ Դատախազությունը նշեց, որ իրենց համար անհասկանալի են այդ քննարկումները, քանի որ Սահմանադրությամբ և ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքը՝ Ազգային ժողովի ընտրություններում հաղթաց պատգամավորի և մանդատը ստացած պատգամավորի համար սահմանում են քրեական հետապնդում հարուցելու համար անձեռնմխելիություն հաղթահարելու պահանջ «Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու գրանցվելուց հետո եղել է այդ պահանջը և եթե դատարանը քրեական հետապնդում հարուցելու մասին ձևակերպումների պայմանում խնդիր էր տեսնում, ուրեմն պիտի վաղուց այդ խնդիրը նկատած լիներ, որովհետև Արմեն Գրիգորյանը և Ռոբերտ Քոչարյանը պատգամավորի թեկնածու են արդեն բավականին ժամանակ և քրեական հետապնդումը շարունակվել է նաև քարոզչության ընթացքում»։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 1998թ․ ապրիլի 9-ից մինչև 2008 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ Նախագահի պաշտոնը, ՀՀ Սահմանադրության ուժով հանդիսանալով պետության գլուխը և կրելով ՀՀ Սահմանադրությանը հետևելու, օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեությունն ապահովելու պարտականություններ, ինչպես նաև օժտված լինելով մշտապես կազմակերպչական-տնօրինչական և վարչատնտեսական, գործառույթներ իականացնող պաշտոնատար անձի լիազորություններով, այլ անձանց հետ հանցակցությամբ, տապալել է ՀՀ սահմանադրական կարգը, ինչպես նաև իր պաշտոնեական դիրքն օգտագործելով <<Թի Էս Էս Սի Արմենիա>> ՍՊ ընկերության միակ մասնակից և տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ այդ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008 թվականի փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927․000․000 ՀՀ դրամին համարժեք 3․000․000 ԱՄՆ դոլար կաշառք։

Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2008 թվականին հանդիսանալով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, այլ անձանց հետ հանցակցությամբ, տապալել է ՀՀ սահմանադրական կարգը։

Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2008 թվականին հանդիսանալով Հայաստանի Հանրապետության պաշտպանույան նախարարի տեղակալը-Երևանի կայազորի պետը, այլ անձանց հետ հանցակցությամբ, տապալել է սահմանադրական կարգը։

Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2006 թվականի փետրվարից մինչև 2008 թվականի ապրիլի 21-ը զբաղեցնելով ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի և Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնները, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, խոչընդոտներ վերացնելու և ցուցումներ տալու եղանակով օժանդակել է ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ տապալելու ՀՀ սահմանադրական կարգը։ Բացի այդ, Արմեն Գևորգյանը, հանդիսանալով պետական մարմնում մշտապես կազմակերպչական-տնօրինչական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, <<Թի Էս Էս Սի Արմենիա>> ՍՊ ընկերության միակ մասնակից ու տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ այդ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վճարելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008թ․ ապրիլին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 309․000․000 ՀՀ դրամին համարժեք 1․000․000 ԱՄՆ դոլար կաշառք, ինչպես նաև նույն ժամանակ թաքցնելով ու խեղաթյուրելով նշված գումարի իրական բնույթն ու ծագումը՝ օրինականացրել է առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ