Դատարանը մերժեց ՀՀ պետական վերահսկողական ծառայության՝ լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանի պաշտպանների միջնորդությունը ՝ գործի վարույթը կասեցնելու և ՍԴ ուղարկելու վերաբերյալ։
«Դատարանը նման հետևության չի հանգել, որ կա հակասություն ձեր կողմից ներկայացված փաստարկների և Սահմանադրության միջև»,-ասաց նիստը նախագահող դատավոր Դավիթ Բալայանը։
Դատական նիստին ներկա են նաև «Սասնա ծռեր» կուսակցության անդամները՝ Ժիրայր Սեֆիլյանի գլխավորությամբ։ Նրանք իրենց աջակցությունն են հայտնում Դավիթ Սանասարյանին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Դավիթ Բալայանի, այսօր՝ նոյեմբերի 27-ին շարունակվում է Պետական վերահսկողական ծառայության պետ (լիազորությունները ժամանակավորապես կասեցված են) Դավիթ Սանասարյանի և ՊՎԾ նախկին աշխատակիցների գործով դատաքննությունը։
Նշենք, որ այս գործով ամբաստանյալի կարգավիճակում են Դավիթ Սանասարյանը, ՊՎԾ նախկին պաշտոնյաներ Գևորգ Խաչատրյանը, Սամվել Ադյանը և վերջինիս ընկերը՝ «Զորաշեն» ՍՊԸ-ի փաստացի ղեկավար Տարոն Ավետիսյանը։
Համաձայն մեղադրական եզրակացության՝ Դավիթ Սանասարյանը իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները:
