Ռոբերտ Քոչարյանին ԼՂՀ ներկա և նախկին նախագահների անձնական երաշխավորությամբ ազատ արձակած դատավոր Դավիթ Գրիգորյանին պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով: Այս մասին «Հետքի» հետ զրույցում ասել է դատավորի փաստաբաններից Երվանդ Վարոսյանը: Վերջինս նշել է, որ դատավորի նկատմամբ խափանման միջոց չի ընտրվել:
Վարոսյանի խոսքերով՝ Դավիթ Գրիգորյանն իրեն մեղավոր չի ճանաչել, հայտարարել է, որ իր մեղադրանքն ուղիղ կապ ունի իր մեկ այլ գործով կայացրած որոշումների հետ։
Նշենք, որ դատավոր Դավիթ Գրիգորյանի վերաբերյալ 2019 թվականի փետրվարին հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել՝ պաշտոնեական կեղծիք կատարելու ենթադրյալ դեպքի առթիվ: Հաղորդման հիման վրա, սակայն, քրեական գործ չի հարուցվել: Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու վերաբերյալ Գրիգորյանի կայացրած դատական ակտից որոշ ժամանակ անց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վերացրել է քրեական գործ չհարուցելու վերաբերյալ որոշումը:
Հուլիսի 26-ին գլխավոր դատախազի պաշտոնակատարի կողմից ԲԴԽ է ներկայացվել միջնորդություն՝ երեք դրվագով Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 314 հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական կեղծիք) հատկանիշներով քննվող քրեական գործով դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, և միջնորդությունը բավարարվել է: Նշենք, որ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելուց բացի Դավիթ Գրիգորյանը նաև կասեցրել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ գործի վարույթն ու այն ուղարկել Սահմանադրական դատարան: