fbpx
Հասարակություն

Դավիթ Սանասարյանն առաջիկայում ասուլիս է հրավիրելու

ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանն, որի լիազորություններն օրեր առաջ ժամանակավորապես դադարեցվել են, առաջիկա օրերին իր փաստաբանների հետ ասուլիս է հրավիրելու՝ իր ներգրավմամբ հարուցված քրեական գործի վերաբերյալ բոլոր հարցերին պատասխանելու համար:

Այս մասին Սանասարյանն ասաց լրագրողների հետ զրույցում:

«Առաջիկայում կպատասխանեմ բոլոր հարցերին»,- ասաց Սանասարյանը:

Խոսելով դատախազության հայտարարության մասին, համաձայն որի տարիներ շարունակ նույն ընկերությունն է հեմոդիալիզի սարքավորումներ մատակարարել կոնկրետ բժշկական կենտրոններին, Սանասարյանն ընդգծեց, որ իրենց ուսումնասիրության նպատակն է եղել՝ պարզելու՝ արդյոք այդ պարագաները «Գնումների մասին» ՀՀ օրենքի համաձայն են մատակարարվել, թե ոչ:

«Պարզել ենք, որ անօրինական է»,- նշեց Սանասարյանը:

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը 2019 թվականի ապրիլի 18-ին Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի համաձայնությամբ քննիչի կողմից 18.04.2019թ. որոշում է կայացվել ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին: Դավիթ Սանասարյանի պաշտպանները միջնորդություն են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ Դավիթ Սանասարյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը դադարեցնելու վերաբերյալ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ապահովել Դավիթ Սանասարյանի՝ Պետական վերահսկողական ծառայության պետի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին որոշման կատարումը, սակայն չի պատրաստվում պաշտոնանկ անել՝ հարգելով անմեղության կանխավարկածը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ