«Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է ընտրվել Դավիթ Խիթարյանը: Այս մասին տեղեկանում ենք բուհի Facebook-ի էջից:
«Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցավ ինստիտուտի Հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստը: Նիստի սկզբում ՀՖԿՍՊԻ-ի Հոգաբարձուների խորհրդի նախկին նախագահ Արսեն Ջուլֆալակյանը իր շնորհակալական խոսքն ուղղեց բուհի ռեկտոր Վահրամ Առաքելյանին 9 ամիսների համատեղ աշխատանքի համար:
«Կցանկանայի անձամբ շնորհակալություն հայտնել ռեկտորին, ով, ցավոք ներկա չէ: Սկսել էինք բարեփոխումներ, որոնցից որոշները հասցրեցինք, մի մասը ընթացքի մեջ է, մյուսները ցանկանում եմ, որ արդեն նոր կազմով, նոր ռեկտորով իրականացնեք։ Ինստիտուտի համար այսօր շատ կարևոր օր է, ցանկանում եմ, որ ամեն ինչ հարթ ընթանա. կարողանանք ընտրել արժանագույնին, ձևավորենք ուժեղ խորհուրդ և իրականացնեք դրական, նորարարական բարեփոխումներ»,- նշեց Ջուլֆալակյանը։
ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի խորհրդական Գոհար Մամիկոնյանը ևս իր խոսքում շնորհակալություն հայտնեց բուհի ռեկտոր Վահրամ Առաքելյանին պաշտոնավարման 20 տարիների ընթացքում կատարած աշխատանքների և ինստիտուտում արձանագրված ձեռքբերումների համար:
Այնուհետև քվեարկության դրվեց «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի ռեկտոր, պրոֆեսոր Վ.Բ. Առաքելյանի դիմումի համաձայն լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին հարցը: Հրաժարականի դիմումը հաստատվեց 16 կողմ, 7 դեմ, 1 ձեռնպահ քվեարկության արդյունքներով:
ՀՖԿՍՊԻ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի ընտրության համար առաջադրվեց Հայաստանում Ֆրանսիական համալսարանի Սպորտի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Դավիթ Խիթարյանը: Նա միաձայն ընտրվեց բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար: Ռեկտորի նոր պաշտոնակատարը իր խոսքում շնորհակալութուն հայտնեց բոլորին մեծ վստահության համար, խոսեց բուհի զարգացման իր տեսլականի ու բարեփոխումների շրջանակի մասին, որոնք առավել մանրամասն կներկայացնի Հոգաբարձուների խորհրդի հերթական նիստում»,- նշված է գրառման մեջ:
https://www.facebook.com/1197936163601818/posts/2507874245941330/