fbpx
Իրավական
14:30 29/02/2020

Դավթաշենի հյուրանոցներից մեկում կրակոցներ արձակած հետախուզվողը վնասազերծվել է

Փետրվարի 28-ին քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ 2019 թվականի հոկտեմբերի 10-ից ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ (սպանության փորձ) և 235-րդ (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հոդվածների մեղադրանքով հետախուզվող Նարեկ Պ․-ն գտնվում է Դավթաշենի հյուրանոցային համալիրներից մեկում։

Բերման ենթարկելու գործողության ընթացքում հետախուզվողը կրակոցներ է արձակել։ Ոստիկանները վնասազերծել են Նարեկ Պ․-ին և բերման ենթարկել ՔՈԳՎ։

Հրազենը հայտնաբերվել և առգրավվել է։

Գործողության ընթացքում տուժած անձինք չկան։

Նարեկ Պ․-ի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է յոթ հատ 5.45×39 մմ փամփուշտ, 0.29 գրամ քաշով սպիտակ բյուրեղանման զանգված և սպիտակ մետաղից պատրաստված սարք՝ բյուրեղանման զանգվածը օգտագործելու համար:

Զննություն է կատարվել դեպքի վայրում։ Հայտնաբերվել է 5.45 մմ տ/չ առանց գործարանային համարի «ԱԿ- 74» տիպի ինքնաձիգ՝ իր փամփշտատուփով, 5.6 մմ տ/չ ինքնաշեն ատրճանակ, 88 հատ 5.45մմ տ/չ փամփուշտ, 17 հատ 5.45 մմ տ/չ պարկուճ, 1 հատ 7.62 մմ տ/չ փամփուշտ, 11 հատ 5.6մմ տ/չ փամփուշտ, մեկ կռփազենք և գաղտնի փականով դանակ:

Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ