Արդեն երկար ժամանակ է Թուրքիայի նախկին վարչապետ, արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն զբաղված է նոր կուսակցություն ստեղծելու աշխատանքներով։
Սպասվում է, որ կուսակցության ստեղծման մասին մեկ շաբաթից պաշտոնապես կհայտարարվի։ Այս մասին հաղորդում է Ermeni Haber-ը։
Սակայն մինչ այդ հայտնի է դարձել կուսակցության անվանումն ու տարբերանշանը։ Դավութօղլուի ղեկավարած նոր քաղաքական ուժն ունենալու է Yaşam ve Adalet Partisi («Կյանք և արդարություն կուսակցություն») անվանումը։
Տարբերանշանի վրա իսլամը խորհրդանշող կանաչ գույնով պատկերված է դեպի վեր ուղղված մահիկ, իսկ մահիկի մեջ՝ արդարությունը խորհրդանշող կշեռքի նժարներ։
Կուսակցությանն անդամակցել են նախկին պաշտոնյաներ, դեսպաններ։ 2016 թվականին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ զոհված, Էրդողանի կուսակցության նախընտրական ցուցապաստառների պատրաստմամբ հայտնի Էրոլ Օլչոքի կինը նույնպես անդամագրվել է Ահմեթ Դավութօղլուի կուսակցությանը։
Թուրքիայի նախկին վարչապետը հայտնել է, որ դեռևս մտադրություն չունի դաշինքներ կազմելու և հանդես են գալու որպես առանձին քաղաքական ուժ: