Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն առաջընթաց է համարել «Շտայնմայերի բանաձևի» համաձայնեցումը, բայց նաև հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հնարավոր չեղարկման մասին խոսելը դեռևս վաղ է։ Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն:
«Մենք առաջընթաց ենք գրանցել, բայց դրան հաջորդող մի շարք այլ քայլեր են հարկավոր: Դա չի նշանակում, որ մենք արդեն կարող ենք չեղարկել պատժամիջոցները, բայց կան նախադրյալներ, և բոլոր կողմերն այսօր հաստատել են, որ այժմ պետությունների և կառավարությունների ղեկավարների մակարդակով կարող է հանդիպում կայանալ նորմանդական ձևաչափի շրջանակներում»,-պարզաբանել է նա:
Դեռևս անցյալ երեքշաբթի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Դոնբասի հարցով կոնտակտային խումբը համաձայնեցրել է «Շտայնմայերի բանաձև»-ը, որը, Ուկրաինայի օրենսդրության համաձայն, ենթադրում է Դոնբասում ընտրությունների անցկացում, ինչից հետո պետք է ուժի մեջ մտնի Դոնբասի հատուկ կարգավիճակի մասին օրենքը: Փաստաթուղթը կմշակի Գերագույն ռադան, որից հետո այն կդրվի հանրային քննարկման:
Հավելենք, որ Դոնբասի իրադրության կարգավորման հարցով «նորմանդական ձևաչափ»-ում ընդգրկված երկրներն են Գերմանիան, Ռուսաստանը, Ուկրաինան և Ֆրանսիան: