Իրավական
19:20 20/05/2020

Դերասան Սարգիս Գրիգորյանը ու ցույցի ևս 5 մասնակից տուգանվել են

Կառավարության շենքի դիմաց մի քանի ժամ առաջ անցկացված բողոքի ցույցի մասնակիցներից 6-ը տարվել է ոստիկանության Էրեբունու բաժին: Այս մասին «Հայկական ժամանակ»-ը տեղեկացել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանից:

Ցույցի մասնակիցները բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 182-րդ hոդվածը խախտելու պատճառով: Այս հոդվածի համաձայն՝ հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման պարտականությունները կատարելու ընթացքում զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելն առաջացնում է տուգանքի նշանակում: Այն սահմանված է նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, այսինքն՝ տուգանքի չափը կազմում է 50 հազար դրամ:

Աղբյուրից հիշեցնում են՝ բերման ենթարկված 6 անձանց թվում են դերասան Սարգիս Գրիգորյանն ու Արմեն Միրզոյանը: Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ իրավապահները մի քանի անգամ զգուշացրին սոցիալական հեռավորություն պահպանելու անհրաժեշտության մասին: Բողոքի ցույցի մասնակիցները ռեստորանային ոլորտի, արվեստի ու շոու բիզնեսի ներկայացուցիչներ էին, որոնք պահանջում էին թույլատրել իրենց աշխատել: Նրանց գործունեությունը սահմանափակված է կորոնավիրուսային իրավիճակից ելնելով:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ