Հունիսի 18-ին Ղազախստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը հանդիպեց Ղազախստանի Հանրապետության Մաժիլիսի՝ խորհրդարանի ստորին պալատի նախագահ Նուրլան Նիգմատուլինի (Nurlan Nigmatulin) հետ:
Կողմերը փաստեցին, որ երկկողմ ավանդական բարեկամական կապերը գտնվում են բարձր մակարդակի վրա։ Երկուստեք գոհունակությամբ նշվեց Հայաստանի և Ղազախստանի բարձր ղեկավարության միջև վերջերս տեղի ունեցած շփումների կարևորությունը միջպետական հարաբերությունների հետագա զարգացման համար:
Անդրադարձ կատարվեց միջխորհրդարանական համագործակցությանը, երկկողմ և բազմակողմ ձևաչափում փոխգործակցության հետագա ընդլայնմանը, քննարկվեցին տարածաշրջանային և միջազգային խորհրդարանական կազմակերպությունների հարթակներում համատեղ աշխատանքի հնարավորությունները:
Գագիկ Ղալաչյանը ներկայացրեց մայիսի 22-24-ը ՀՀ-ՂՀ միջխորհրդարանական բարեկամական խմբի հայ պատգամավորների՝ Նուր-Սուլթան այցի արդյունքները: Այս համատեքստում կարևորվեց միջխորհրդարանական բարեկամական խմբերի համագործակցության հետագա ամրապնդումը:
Դեսպան Ղալաչյանը վերահաստատեց սեպտեմբերի 24-25-ը Նուր-Սուլթանում կայանալիք Եվրասիական երկրների խոսնակների համաժողովին ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության մասնակցությունը և հաջողություն մաղթեց զրուցակցին այդ կարևոր միջոցառման կազմակերպման գործում։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքից։