fbpx
Առողջապահություն

Դեղերի շրջանառությանն առնչվող խնդիրները քննարկվել են ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում

ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ մայիսի 16-ին կազմակերպվել էր աշխատանքային քննարկում՝ «Հայաստանի Հանրապետությունում դեղերի շրջանառության հետ կապված խնդիրները» թեմայով: Քննարկմանը մասնակցել են ՀՀ առողջապահության նախարարության, «Ակադեմիկոս Է. Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ներկայացուցիչներ:

Հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը նշել է, որ խնդիրը հիմնականում առնչվում է դեղերի շուկայում ԱԱՀ-ից հրաժարվելուն և գնային կարգավորմանը: Ըստ նրա՝ պետք է գնային կարգավորումը վերաբերի ոչ միայն փոխհատուցվող դեղերին, այլև ողջ շուկային: Հանձնաժողովի նախագահի համոզմամբ՝ դեղերի շուկան պետք է ազատվի ավելացված արժեքի հարկից: Նրա գնահատմամբ՝ դեղերի շրջանառությունն առնչվում է քաղաքացիների առողջությանը, առողջ սերունդ ունենալուն և դեղերի հասանելիության խնդրին:

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է դեղերի շրջանառության ոլորտում գնային քաղաքականության ձևավորմանը և տարածաշրջանի երկրներում առկա վիճակագրությանը: Համեմատելով հայկական և վրացական շուկաները՝ փոխնախարարն առանձնացրել է մեր երկրի էական առանձնահատկությունները՝ շուկայի փոքրություն, գնողունակության սահմանափակություն և բյուջեի հաշվին գնվող դեղերի փոքր ծավալ: Ըստ նրա՝ դրանք լուրջ ազդեցություն ունեն գնագոյացման հարցում: Նշվել է, որ տարածաշրջանի երկրների համեմատ Հայաստանում դեղերի ոլորտում ԱԱՀ ամենաբարձրտոկոսադրույքն է գործում: Նախարարի տեղակալի խոսքով՝ դեղերի գները լուրջ ուսումնասիրության կարիք ունեն և այս հարցում անելիքներ ունի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը:

«Ակադեմիկոս Է. Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ընկերության տնօրենի տեղակալ Ալբերտ Սահակյանը դեղերի ոլորտի ուսումնասիրության հարցում կարևորել է շուկայի վրա բյուջեի ազդեցության գնահատումը:

Քննարկումների ընթացքում պատգամավորներն ու ոլորտի մասնագետներն անդրադարձել են չգրանցված դեղերի վաճառքին և դրա դեմ պայքարի մեխանիզմներին, դեղերի գների նվազեցմանը, դեղերի ապօրինի շրջանառության հարցում ներմուծման կարգի ունեցած ազդեցությանը, դեղերի գրանցման ընթացակարգերի պարզեցմանը և այլն:

Փոխնախարարը տեղեկացրել է, որ դեղերի գրանցումն իրականացնում է առողջապահության նախարարությունը՝ նախարարի հրամանով, իսկ փորձագիտական մասն ապահովվում է փորձագիտական կենտրոնը: Նշվել է, որ փոխհատուցվող դեղերի գնային կարգավորման մասով կառավարությունն առաջիկայում օրենսդրական նախաձեռնություն կներկայացնի: Նարեկ Զեյնալյանն առաջարկել է հնարավորություն տալ նախարարությանը փուլային տարբերակով գնային կարգավորում նախատեսել բոլոր դեղերի մասով:

Նշվել է, որ առաջիկայում հանձնաժողովը դեղերն ԱԱՀ-ից ազատելուն և դեղերի գնային կարգավորմանը վերաբերող օրենսդրական առաջարկ կներկայացնի:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ