Ֆրանսիայի արևմտյան Նանտ քաղաքում անցկացվող բողոքի ցույցի ժամանակ «դեղին բաճկոնների» շարժման առնվազն 26 մասնակից է ձերբակալվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով տեղի ոստիկանությանը:
Ֆրանսիական ռադիոալիքի տվյալներով՝ Նանտում բողոքի ցույցին ընդհանուր առմամբ 1800 մարդ է մասնակցել: Ակցիայի ժամանակ բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանության աշխատակիցների միջև: Ցուցարարներից ոմանք ցուցափեղկեր են կոտրել:
Նշվում է, որ Փարիզում այսօր զգալիորեն քիչ ցուցարարներ են փողոց դուրս եկել՝ ընդամենը 500 մարդ: Ցույցերն անցել են առանց միջադեպերի:
Հիշեցնենք, որ ֆրանսիացիների խոշորամասշտաբ ցույցերը մեկնարկել են 2018-ի նոյեմբերի 17-ին՝ ավտոմեքենայի վառելիքի գնի թանկացման դեմ բողոքով: Երկրի իշխանությունների սոցիալական քաղաքականությունից դժգոհ ֆրանսիացիները շարունակում են ամեն շաբաթ փողոց դուրս գալ: