Երևանի քաղաքապետարանի հունիսմեկյան միջոցառումն այս տարի ինքնատիպ էր ու գործնական: Երեխաների պաշտպանության միջազգային օրը գումարված ավագանու նիստին տեղական ինքնակառավարման բարձրագույն մարմնի դերում երևանյան դպրոցների աշակերտներն էին: Նիստը վարում էր քաղաքապետ Հայկ Մարությանը: Միջոցառմանը ներկա էին քաղաքապետի տեղակալները, ավագանու անդամներ և հրավիրված ոլորտի մասնագետներ։
«Համայնքը՝ երեխաների համար» խորագրով միջոցառման ընթացքում Երևանի հանրակրթական դպրոցների 9-րդ դասարանի աշակերտների նախապես ներկայացրած 93 զեկույցներից ընտրվել էր 65-ը և «դպրոցական ավագանու» հենց այդ 65 անդամներին էր հնարավորություն ընձեռված ավագանու նիստի ձևաչափով ներկայացնելու իրենց գաղափարներն ու ծրագրերը:
Երևանի զարգացում, երեխաների իրավունքների պաշտպանություն, հարմարավետ ու անվտանգ միջավայրի ապահովում: Պատանի օրենսդիրների պատկերացումները տարբեր են քաղաքային տնտեսության կառավարման գործում: Բարձրացված խնդիրների ու առաջարկների վերաբերյալ քաղաքապետ Հայկ Մարությանը ներկայացրեց նախաձեռնված ծրագրերն ու քաղաքային իշխանության մոտեցումները:
Օրակարգում ընդգրկված 11 նախագծից հավանության արժանացավ 9-ը:
«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր աշակերտներին՝ ակտիվ մասնակցության, հետաքրքիր հարցերի ու պատասխանների, ինչպես նաև խնդիրները տեսնելու, դրանց լուծման ուղիներն առաջարկելու համար: Շատ հաճելի կլիներ, որ մեր ավագանու նիստերը նույնպես այսքան բազմամարդ լինեին: Առաջին նիստին եմ տեսել, որ ավագանու 65 անդամները ներկա լինեն նիստին, հաճախ լինում է, որ հազիվ ենք քվորում ապահովում: Նաև միմյանց հանդեպ հարգալից վերաբերմունքն էր շատ կարևոր: Մենք էլ ենք ամեն անգամ սովորում և այսօր սովորեցինք, թե ինչպիսին կարող է լինել ավագանու նիստը և ինչպես կարող ենք պահել մեզ ավագանու նիստին»,- նշել է քաղաքապետը: Աշակերտների քվեարկությամբ ընտրված ծրագրերից առավել իրատեսականները հնարավորություն կունենան հետագայում ընդգրկվելու քաղաքային իշխանության որոշումների նախագծերում՝ դրանք իրագործելու նպատակով: