Թուրքիան հարվածային ԱԹՍ-ներ է տեղակայել օկուպացված հյուսիսային հատվածում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Նա չի բացառել զենքի նոր մատակարարումները կղզի։ «Դա մեր իրավունքն է»։ Նրա խոսքով՝ Թուրքիայի առաջին արձագանքը (Կիպրոսին զենքի մատակարարման էմբարգոն հանելու ԱՄՆ որոշմանը) կղզու օկուպացված հատվածի տարածքում հարվածային ԱԹՍ-ների տեղակայումն էր։
Էրդողանը նշել է, որ անկախ ռազմաբազա ստեղծելու որոշումից՝ Թուրքիայի ռազմաօդային ուժերի այսօր օդ բարձրացող ինքնաթիռները կարող են հնարավորինս շուտ հասնել կղզի։ «Այդ հարցում որեւէ խնդիրներ չկան»,- վստահեցրել է նա։
Նա նաև հայտարարել է Կիպրոսի նախագահի՝ երկկողմ հանդիպում անցկացնելու նախաձեռնության մասին։ «Նիկոս Անաստասիադիսը (Պրահայում) պնդել է երկկողմանի հանդիպում անցկացնել։ Անգամ միջնորդների է ներգրավել։ Ի պատասխան հիշեցրի, որ երկու ամսից նրա պաշտոնավարման ժամկետն ավարտվում է։ Նման իրավիճակում նման հարց չի քննարկվում։ Ես նաեւ նշել եմ, որ նրանք (Նիկոսիան) մշտապես գործում են ինչ-որ մեկի հրահանգով։ Իսկ այդպես գործ չի արվում, և դրանք ցանկալիին չեն տանի»,- ասել է Էրդողանը։
