Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյի և նախագահի թեկնածու, «Ժողովրդի ծառան» կուսակցության անդամ Վլադիմիր Զելենսկու միջև բանավեճերը, որոնք Պորոշենկոն պնդում էր անցկացնել ապրիլի 14-ին, այդպես էլ չկայացան: Զելենսկին, ով դեռ ապրիլի 3-ին առաջարկում էր բանավեճերն անցկացնել ապրիլի 19-ին «Օլիմպիյսկիյ» մարզադաշտում, չհամաձայնեց Պորոշենկոյի՝ դրանք ապրիլի 14-ին անցկացնելու «հակաառաջարկին»: Պորոշենկոն մի քանի անգամ հայտարարել էր այդ մասին, նույնիսկ ուրբաթ օրը 1+1 հեռուստանընկերության եթերի ժամանակ իրենց հեռախոսազրույցի ընթացքում:
Ապրիլի 14-ին այնուամենայնիվ, Պորոշենկոյի կողմնակիցները ոչ մեծ խմբերով մոտեցան «Օլիմպիյսկիյ» մարզադաշտին, որը շրջափակել էին անվտանգության զինված անդամները: Ինչպես հաղորդում են Ուկրաինայի Ներքին գործերի նախարարությունից՝ մոտ հինգ հազար մարդ հավաքվել էր մարզադաշտում և սպասում էր նախագահի բեմ բարձրանալուն, որտեղ ելույթ էր ունենում Ot Vinta երաժշտական խումբը: Պորոշենկոն, ով մարզադաշտ էր եկել իր կնոջ հետ, դիմելով հավաքվածներին, կոչ արեց նրանց ընտրել իրական նախագահին, այլ ոչ թե «պարկի մեջ թաքնված փիսիկին»: Նկատելով Զելենսկու բացակայությունը՝ նա խոստացավ ամեն օր նրան հրավիրել բանավեճի, իսկ հավաքվածները սկսեցին աղմկել՝ բացականչելով «Վովա, դուրս արի»:
Պորոշենկոն հայտարարեց, որ կսպասի Զելենսկուն մինչև ժամը 15:00-ն, բայց Զելենսկին այդպես էլ չեկավ, ուստի նա միայնակ հարցազրույց տվեց լրագրողներին:
Քաղաքագետ Ռուսկան Բորտնիկի կարծիքով Պորոշենկոն որոշեց մամուլի ասուլիս անցկացնել, որպեսզի ևս մեկ անգամ իր հակառակորդին մեղադրի վախկոտության և անիրազեկության մեջ: Բորտնիկը նշեց՝ այն որ Զելենսկին կիրակի օրը չի գալու բանավեճի, դեռ վաղուց էր հայտնի: Բայց եթե բանավեճերը տեղի ունենային ապրիլի 14-ին, ըստ Բորտնիկի, նախագահը ևս մեկ շաբաթ կունենար, որպեսզի օգտագործեր իր լրատվամիջոցները և ֆինանսները՝ ժողովրդին համոզելու համար, որ հենց Պորոշենկոն է հաղթել, ու կապ չունի, թե ինչպիսի կլինեն բանավեճերի արդյունքները:
Պորոշենկոն լրագրողների հետ զրույցի ընթացքում նշեց, որ, հետազոտելով առաջին փուլի արդյունքները, գիտակցել է իր սխալները, հատկապես կադրային քաղաքականության մեջ: Նա ասաց, որ այդ ոլորտում երիտասարդ կադրերի պետք է ներգրավել: Լրագրողի ուղիղ հարցին, թե ինչ կանի Պորոշենկոն, եթե չհաղթի, պատասխանեց, որ եթե «Աստված ոչ անի» և նախագահ ընտրվի Զելենսկին, ուրեմն դա ուկրաինացի ժողովրդի ընտրությունն է, և նա կհարգի նրանց որոշումը:
Լրագրողների հետ զրույցից հետո, Պորոշենկոն Օլիմպիսկիյ մարզադաշտի բեմից ներկաների համար երգեց “Ти ж мене підманула” («Դու ինձ խաբեցիր») ուկրաինական ժողովրդական երգը: Ավելի ուշ բոլորին հրավիրեցին միասին նկարվելու, որն ինչպես Պորոշենկոն նշեց, ամենամեծ սելֆին է Զելենսկու համար, ում նա չի թողնի փախչել բանավեճերից: «Ոչ ոքի թույլ չենք տա գողանալ մեր ապագան, մեզ կրկին տանել դեպի ռուսական կայսրություն, չենք թողնի գողանալ մեր եկեղեցին, մեր ազատությունն ու ապագան»,- ասաց Պորոշենկոն, որից հետո ներկաները սկսեցին բացականչել՝ «Ուկրաինա» և «Պորոշենկո»:
https://www.instagram.com/p/BwPNUxAIOjG/?utm_source=ig_embed&utm_campaign=embed_video_watch_again
Ուկրաինացի լրագրողները նշում են, որ, չնայած Պորոշենկոն հայտարարել էր, որ մուտքը դեպի մարզադաշտ ազատ է բոլորի համար, այնուամենայնիվ մի շարք լրատվականների ներս չէին թողել, այդ թվում “Вести”, “Страна.ua” լրատվականների լրագրողներին և “1+1” и “Klymenko Time” հեռուստաընկերությունների օպերատորներին:
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1230620893770270&id=100004671120738
Հաղորդում է ՏԱՍՍ լրատվականը: