Հինգշաբթի ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ընթացքում սենատոր Ռոբերտ Մենենդեզը բարձրացրել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը։
Սենատորը մի շարք հարցեր է ուղղել Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնին առաջադրված Դեյվիդ Մայքլ Սաթերֆիլդին՝ վերջինիս թեկնածության հաստատման լսումների ընթացքում.
(Մենենդեզ)
«Արդյոք դուք ճանաչո՞ւմ եք, որ 1915-1923թթ շուրջ 1.5 միլիոն հայ կանայք, տղամարդիկ և երեխաներ սպանվել են Օսմանյան կայսրության կողմից»:
(Սաթերֆիլդ)
«Մենք անշուշտ տեղյակ ենք այդ դաժանության փաստի մասին»:
(Մենենդեզ)
«Այսպիսով, դուք այն ճանաչում եք, ճի՞շտ է»:
(Սաթերֆիլդ)
«Այո՛»:
(Մենենդեզ)
«և դուք ճանաչո՞ւմ եք, որ դա ցեղասպանություն էր…»
(Սաթերֆիլդ)
«Նախագահը հայտարարել է, դա 20-րդ դարի առավել սարսափելի դաժանություններից մեկն էր, և ես միանում եմ այդ հայտարարությանը»:
(Մենենդեզ)
«Անկասկած դա դաժանություն էր, հարցն այն էր, թե արդյոք դա ցեղասպանությո՞ւն էր»:
(Սաթերֆիլդ)
«Նախագահի հայտարարությունը ԱՄՆ-ի կառավարության դիրքորոշումն է»:
(Մենենդեզ)
«Ուստի, չեք ասելու ինձ, թե դա արդյոք ցեղասպանությո՞ւն էր: Հարցնեմ այսպես՝ ճանաչում եք, որ 1915-ին Անգլիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի դաշնակից ուժերը առաջին անգամ միասնաբար մեղադրեցին այլ կառավարությանը մարդկության և քաղաքակրթության դեմ հանցանք գործելու մեջ»:
(Սաթերֆիլդ)
«Ես պատմաբան եմ և լավատեղյակ եմ այդ ժամանակվա իրադարձություններից»:
(Մենենդեզ)
«Ուստի, դուք ճանաչում եք այդ փաստը: Ճանաչո՞ւմ եք արդյոք, որ Հենրի Մորգենթաուն՝ Օսմանյան կայսրությունում ԱՄՆ-ի դեսպանը, հայտարարել էր, որ թուրքական կառավարության հրամանը հայերի արտաքսման մասին եղել է «ամբողջ ազգի մահապատժի հրաման»:
(Սաթերֆիլդ)
«Ես տեղյակ եմ այդ հայտարարությունից»:
(Մենենդեզ)
«Սա դիվանագիտական պարի է նման: Մենք որպես պետություն չենք ճանաչում պատմական փաստը, որը նույնիսկ Միացյալ Նահանգների Ողջակիզման թանգարանը որպես միջկառավարական հաստատություն ճանաչել է՝ Հայոց ցեղասպանության փաստը: Բայց մենք ի զորու չենք արտասանելու «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը: և մենք չենք կարող շարժվել դեպի ապագա, եթե չկարողանանք ճանաչել անցյալը»: