2022 թ. դեկտեմբերի 18-ին՝ ժամը 20:15-ին, Գավառի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ նույն քաղաքի Սայադյան փողոցի տներից մեկում մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել Երևան քաղաքի 31-ամյա բնակիչը՝ բազմաթիվ վնասվածքներով:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (Սպանությունը) 1-ին մասով:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում վերցվել են արնանման հետքերի նմուշներ, ծալովի դանակ, հագուստներ և այլ պարագաներ: Հարցաքննվել են մի շարք անձինք:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հիշյալ հասցեում վիճաբանություն է առաջացել 31-ամյա տղամարդու և Գավառ քաղաքի 42-ամյա բնակչի միջև, որի ընթացքում վերջինս դեռևս չպարզված գործիքով բազմաթիվ հարվածներ է հասցրել 31-ամյա տղամարդու մարմնի տարբեր հատվածներին, որը ստացած վնասվածքներից մահացել է:
Անմիջականորեն առաջացած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել է Գավառ քաղաքի 42-ամյա բնակիչը:
Նշանակվել են դիակի դատաբժշկական, դատահետքաբանական, դատագենետիկական փորձաքննություններ: Հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին:
Կատարվում է նախաքննություն: