ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին ապրիլի 5-ին լրագրողները հարց ուղղեցին ՀՀ վարչապետի՝ կառավարության վերջին նիստում հնչեցրած հանձնարարականի վերաբերյալ: Վանեցյանին հիշեցրին՝ նա վարչապետից ֆեյքերի և մանիպուլյացիաների դեմ պայքարի հանձնարարական ստացավ, ապա հիշեցրին, որ մինչ օրս ԱԱԾ-ն Վանեցյանին գաղտնալսողին չի կարողացել հայտնաբերել:
«Հարցի սկիզբը լավ տվեցիք, հետո փչացրեցիք»,- արձագանքեց Վանեցյանը՝ նշելով, որ արդեն ասել է՝ այդ հարցին չի ուզում անդրադառնալ և վստահեցրեց, որ եթե հայտնաբերվի կիմանան բոլորը։
Վանեցյանը տեղեկացրեց՝ ֆեյքերի հետ կապված հանձնարարությունը, որ ստացվել է, արդեն իսկ կատարվել է, այսօր ձերբակալվել է մեկ անձ:
«Facebook-ում շատ հայտնի մի էջ կա, որն ակնհայտ ապատեղեկատվություն է տարածքում, դա «Դուխով Հայաստան – բաց հասարակություն» էջն է, այդ էջի տակ թաքնված անձը պարզվել է, հայտնաբերվել է և ձերբակալվել, հարուցվել է քրեական գործ՝ ռասսայական, կրոնական և ազգային ատելություն սերմանելու հատկանիշներով, մնացած մանրամասները ԱԱԾ մամուլի կենտրոնը կտրամադրի»,- ասաց նա:
Վանեցյանը նաև ընդգծեց՝ ԱԱԾ-ն ֆեյքերի դեմ չի պայքարում, այլ այն հայտարարությունների հեղինակների դեմ, որոնց հայտարարության մեջ կա հանցակազմ, ու կապ չունի՝ նա ֆե՞յք է, թե՞ իրական օգտատեր:
ԱԱԾ տնօրենը նաև նշեց՝ եթե չկա հանցակազմ, ԱԱԾ-ն այդտեղ գործ չունի անելու: