fbpx
Մշակույթ

Լուսիկ Ագուլեցու բնակարանը կդառնա տուն-թանգարան

Տունը, որտեղ երկար տարիներ ապրել և ստեղծագործել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ նկարչուհի, ազգագրագետ Լուսիկ Ագուլեցին, նրա ընտանիքի անդամների նախաձեռնությամբ և «Ագուլեցի» հիմնադրամի աջակցությամբ կդառնա տուն-թանգարան:

Տուն-թանգարանի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա ապրիլի 6-ին:

«Ներկայացվելու է այն ամենը, ինչ ստեղծել և հավաքել է Լուսիկ Ագուլեցին իր ստեղծագործական կյանքի ընթացքում: Ցուցադրվելու են նրա կտավները, Ագուլեցու տարազները, արծաթյա իրերը, ամուսնու` քանդակագործ Յուրի Սամվելյանի աշխատանքները և այլ ցուցանմուշներ»,- մեզ հետ զրույցում պատմեց տուն-թանգարանի արտ-տնօրեն Նարինե Մադունցը:

Նրա խոսքով` տուն-թանգարանին կից բացվելու է արտ-սրճարան, որտեղ կներկայացվի հայկական մշակույթի կարևոր մաս կազմող խոհանոցն իր ամբողջ հարստությամբ ու բազմազանությամբ: «Մենք չենք ցանկանում, որ սրճարանը պարզապես սնվելու վայր դառնա. մշակութային մթնոլորտ ենք ստեղծելու, որտեղ կարող են լավ ժամանակ անցկացնել ինչպես երիտասարդները, այնպես էլ միջին և ավագ սերունդների ներկայացուցիչները»,- շեշտեց նա:

Մադունցն ընդգծեց, որ տուն-թանգարանի հանդեպ հետաքրքրությունը մշտապես պահելու նպատակով թանգարանում և բակի սրճարանում ժողովրդական համերգներ, նկարչության, պարի և այլ վարպետության դասեր կկազմակերպեն: Միջոցառումները կլինեն բազմազան ու հագեցած: Կանցկացվեն ֆիլմերի ցուցադրություններ, քննարկումներ:

Արտ-տնօրենը խոստովանեց, որ մեծ պատասխանատվություն են կրում Ագուլեցու և հայ ժողովրդի առաջ, քանի որ Ագուլեցին բոլոր ցուցանմուշները հավաքել էր, ստեղծել էր մշակութային արժեքներ սերունդներին փոխանցելու համար: «Մենք իրավունք չունենք այդ ամենը չցուցադրել»,-եզրափակեց Մադունցը:

Լուսիկ Ագուլեցին կյանքից հեռացել է 2018 թվականի հուլիսի 13-ին:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ