fbpx
Առողջապահություն
16:30 28/02/2020

ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի 75 մասնագետ աշխատանքից ազատման դիմում է գրել

ՀՀ առողջապահության նախարարության «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն»-ի 75 մասնագետ աշխատանքից ազատման դիմում է գրել: Աշխատակիցները չեն ցանկանում միանալ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցին և դրա իրագործման արդյունքում դառնալ անցանկալի հետևանքների կրողը: Աշխատանքից ազատման կոլեկտիվ դիմումը նրանք հրապարակել են կենտրոնի Facebook-ի էջում՝ կից ներկայացնելով անձնակազմի ներկայացուցիչների ստորագրությունները:

Հայտարարության մեջ նշված է, որ որոշումը կայացրել են՝ ելնելով կենտրոնի շուրջ ծավալվող իրադարձություններից, առերեսվելով, որպես մասնագետներ, արհամարհված լինելու փաստին, չհանդուրժելով ԱՆ-ի, նրանց կողմից նշանակված տնօրենի պաշտոնակատարի և ԱՆ-ի կողմից ուղարկվող այլ անհատների կողմից կիրառվող ճնշումները:

Նրանք այսպիսով ևս մեկ անգամ հայտնել են իրենց անհամաձայնությունը, որ կենտրոնը «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցին միացվի:

«Մենք՝ «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի ներքոստորագրյալ աշխատակիցներս, ներկայացնում ենք աշխատանքից ազատման դիմում՝ թողնելով ստեղծված իրավիճակի ողջ պատասխանատվությունը ՀՀ առողջապահության նախարարության վրա»:

Նշենք, որ հիմնարկությունում աշխատում է 108 հոգի: Այսօր լրագրողների հետ զրույցում կենտրոնի համաճարակաբանական հսկման բաժնի վարիչ Արշակ Պապոյանը նշել է, որ 75-ը դեռևս վերջնական թիվ չէ, այն կարող է ավելանալ:

‼️ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԱԶԱՏՄԱՆ ԿՈԼԵԿՏԻՎ ԴԻՄՈՒՄ‼️Ելնելով «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի շուրջ ծավալվող…

Gepostet von ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն/ National AIDS Center of RA am Freitag, 28. Februar 2020

Հիշեցնենք, որ օրերս առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամանով աշխատանքից ազատվել է այդ կենտրոնի տնօրենը՝ հանձնարարականները չկատարելու հիմնավորմամբ՝ երկու ծառայությունների միավորումը և փաստաթղթերի տրամադրումը:

Ավելի ուշ այս կենտրոնի աշխատակիցները բողոքի ակցիա էին իրականացնում ՀՀ կառավարության դիմաց: Նրանք նշում էին, որ 2 կենտրոնների միացման դեպքում կունենանք անկառավարելի վարակ, մեծ թվով պացիենտներ և անպատրաստ համակարգ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ