ՀՀ ԱԺ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության անդամները՝ Հայկ Կոնջորյանի ղեկավարությամբ հունիսի 3-ին հանդիպել են ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Ռուդոլֆ Մեխալկայի գլխավորած պատվիրակության հետ: Զրուցակիցները քննարկել են Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր:
Ռուդոլֆ Մեխալկան անդրադառնալով բանակցային գործընթացի հետ կապված հետագա քայլերին՝ առաջարկել է կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանականների հանդիպում:
Հայկ Կոնջորյանը բարձր է գնահատել ԵԱՀԿ ԽՎ շրջանակներում առկա արդյունավետ համագործակցությունը: Ներկայացնելով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ Հայաստանի դիրքորոշումը և մոտեցումները՝ պատվիրակության ղեկավարը վերահաստատել է հայկական կողմի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման հանձնառությունը: Պատգամավորն ընդգծել է, որ ցանկացած ձևաչափով քննարկում պետք է չհակասի Մինսկի խմբի եռանախագահության քաղաքական բառապաշարին և համանախագահների հայտարարություններին: Նրա խոսքով՝ Հայաստանը կողմնակից է հասարակություններին խաղաղության պատրաստելու նախաձեռնությանը: Միաժամանակ, Հայկ Կոնջորյանը կարևորել է Արցախի՝ բանակցությունների սեղան վերադառնալը:
Ի թիվս մի շարք այլ հարցերի՝ կողմերն անդրադարձել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին: