- Երկրի օրը հիմնադրվել է 1970 թվականին՝ որպես աղտոտվածության դեմ պայքարի համազգային նախաձեռնություն։
- 2026 թվականի «Մեր ուժը, մեր մոլորակը» կարգախոսը շեշտադրում է կոլեկտիվ գործողությունները և պատասխանատվությունը։
- Ժամանակակից բնապահպանությունը պահանջում է բնական ռեսուրսների թափանցիկ և իրավունքների վրա հիմնված կառավարում։
Ապրիլի 22-ին աշխարհը նշում է Երկրի օրը՝ միջոցառում, որը 56 տարի առաջ սկսվելով որպես ուսանողական «դասընթաց», վերածվել է գլոբալ հանրային շարժման։ Այս տարվա «Մեր ուժը, մեր մոլորակը» խորագիրը շեշտադրում է անցումը խորհրդանշական գործողություններից դեպի կոլեկտիվ և ինստիտուցիոնալ պատասխանատվություն։ Բնապահպանական օրակարգը այլևս չի կարող դիտարկվել որպես անհատական նախաձեռնություն, այն հանդիսանում է ժողովրդավարական կառավարման հիմնարար մաս՝ պահանջելով թափանցիկություն և քաղաքացիական մասնակցություն։
Հայաստանի համար, որտեղ ջրային ռեսուրսների կառավարումը և հանքարդյունաբերության կարգավորումը մնում են հրատապ խնդիրներ, համաշխարհային այս փորձը ցույց է տալիս, որ բնապահպանական իրավունքները հավասարազոր են մարդու հիմնարար իրավունքներին։ Տնտեսական զարգացումը չի կարող իրականացվել հանրային առողջության և էկոլոգիական անվտանգության հաշվին։ Պետական մարմինները պարտավոր են ապահովել թափանցիկ մոնիտորինգ և հնարավորություն տալ քաղաքացիական հասարակությանը՝ իրականացնելու վերահսկողություն բնական ռեսուրսների օգտագործման նկատմամբ։
Երկրի օրվա իրական իմաստը ոչ թե մեկօրյա ակցիաների մեջ է, այլ կայուն զարգացման այնպիսի մոդելի որդեգրման, որտեղ հաշվետվողականությունը և բնության պահպահպանությունը դառնում են պետական քաղաքականության անբաժանելի մաս։ Միայն համակարգային փոփոխությունների և հանրային ակտիվ ներգրավվածության միջոցով է հնարավոր պաշտպանել մեր ընդհանուր մոլորակը և ապահովել ապագա սերունդների իրավունքները։

