Բելգիայի հավաքականի ու Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդեն Ազարը ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությանը տված հարցազրույցի ընթացում անդրադարձել է Չեմպիոնների լիգայում իր տեսած ամենագեղեցիկ գոլերին։
«Երկու տարի առաջ Կրիշտիանու Ռոնալդուի՝ «Յուվենտուսի» դարպասը խփած գոլը։ Նստած էի հեռուստացույցի առաջ ու բերանս ուղղակի բաց մնաց․ «Օօօօ, այ սա գոլ էր»։ 2018-ի եզրափակչում Գարեթ Բեյլն էլ գերազանց գոլ խփեց «Լիվերպուլին»։ Ուղղակի վաու։ Երկուսն էլ իսկապես լավն էին»,- ընդգեծել է Ազարը։
Այն հարցին, թե որ գոլը Ազարը կուզեր անձամբ խփած լինել, նա շեշտել է 2002 թվականին Չեմպիոնների լիգայի՝ «Բայերի» դեմ եզրափակիչում Զինեդին Զիդանի խփած գոլը։
«Ձախ ոտքով օդից հարված ու ցտեսություն»,- ասել է Ազարը։
Էդենը նաև նշել է պատմության՝ իր տեսած ամենաանհավանական գոլը։
«Դենիս Բերգկամբինը 2002 թվականին «Արսենալի» կազմում «Նյուքասլի» դեմ խաղում։ Հպում, դիրքավորում, հարված։ Ինչպես շրջվեց պաշտպանի շուրջ, անհավանական էր»,- ասել է Ազարը։