fbpx
Հասարակություն

Էջմիածնում շահագործման է հանձնվել Հայաստանում առաջին «խելացի կանգառը»

Էջմիածին-Վաղարշապատ քաղաքի 2704-ամյակի առթիվ, շահագործման հանձնվեց Հայաստանում առաջին և առայժմ միակ «խելացի կանգառը»։

Միջոցառմանը ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության մի շարք ներկայացուցիչներ, ինչպես նաև Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ՏԻՄ ներկայացուցիչներ, ԱԺ պատգամավորներ, տարբեր գերատեսչությունների բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:

Կանգառը Հայաստանի հոգևոր մայրաքաղաքում տեղադրվել է Էջմիածնի քաղաքապետարանի և «Խելացի կանգառ» ՍՊԸ-ի նախաձեռնությամբ:

«Խելացի կանգառը» կառուցվել է այնպես, որ համապատասխանի քաղաքի նոր ավտոբուսային ցանցին և արտաքին տեսքին:

Նախատեսված է կանգառի ներդրմամբ ապահովել տեղի բնակիչների հարմարավետ երթևեկությունը՝ սպասելաժամանակը դարձնելով հաճելի և արդյունավետ։

Գերֆունկցիոնալ կանգառի հատուկ էկրանների միջոցով քաղաքացիները կտեղեկանան իրենց հետաքրքրող երթուղու համարի, մոտենալու ժամանակի, քաղաքի տարբեր կետեր հասնելու համար նախատեսված երթուղիների և այլնի մասին։ Կանգառին մոտեցող տրանսպորտային միջոցի, օդի ջերմաստիճանի և ժամի մասին տեղեկություն հնարավոր կլինի ստանալ անգամ փողոցից՝ կանգառի տարածքից զգալի հեռավորությունից երևացող վազող տողի միջոցով։

Հայաստանի համար իր բնույթով բացառիկ այս կանգառում մեկտեղվել են բազմաթիվ հնարավորություններ՝ զբոսաշրջիկներին հետաքրքրող տեղեկություններ՝ ուր գնալ, ինչ տեսնել, որտեղ սնվել, որտեղ զվարճանալ, անվճար wifi, սմարթֆոնների լիցքավորման վարդակներ, բանկոմատ և վճարային տերմինալ, սուրճի և քաղցրավենիքի վենդորային սարքեր։

Կանգառը փակ է՝ ապահովված օդափոխության և ջեռուցման համակարգերով։ Տարածքում տեղադրված են հատուկ աղբամաններ՝ աղբը տեսակավորելու համար։ Գործում է հակահրդեհային համակարգ. սրահում տեղադրված արագ արձագանքման կոճակի շնորհիվ, ըստ անհրաժեշտության, կարձագանքի Արտակարգ իրավիճակների նախարարությունը։ Ուղևորափոխադրումն ամբողջությամբ վերահսկվում է տեսախցիկներով և ցանկացած պահի կլինի արձագանք նաև իրավասու մարմինների կողմից։

Ստեղծված են բոլոր նախադրյալները տրասնպորտային միջոցին սպասելու մի քանի րոպեները հնարավորինս հարմար ու հաճելի դարձնելու համար։ «Խելացի կանգառն» իր տեսակով Հայաստանում միակն է, որը տրանսպորտային սպասարկման ոլորտում դրեց նոր ուղենիշ:

Գրում է «Արմենպրես»-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ