Ի դեպ․ ԵՄ գնացողը հարմար տեղավորվել է ԵՄ–ն քանդող Թրամփի թևի տակ

Հրապարակող՝

,

lusine karmiryan

Ամենադիտվածներ

ԵՄ ընթացող, բայց իրականում Թրամփի ստեղծած ավտորիտար աշխարհում տեղավորվող հայաստանյան վարչախմբի մասին Լուսինե Կարմիրյանն այսօր հետևյալ գրառումն է կատարել ֆեյսբուքյան էջում․

Թրամփի աշխարհայացքն ու քաղաքականությունը ոչ միայն հակասում են եվրոպական արժեքներին, այլ ֆունկցիոնալ առումով շատ մոտ են Պուտինի մոդելին՝ իրենց ֆանտազիաների «ուժեղ առաջնորդի» կուլտ, ինստիտուտների թուլացում, գործարքային աշխարհաքաղաքականություն (deal-based geopolitics), ուր փոքր երկրների սուբյեկտայնությունը հեշտությամբ վերածվում է ուժեղների միջև առևտրի առարկայի։ Չե՞ք նկատում, որ Դոնալդ Թրամփի «Ամերիկան ամենից առաջ» (America First) մոտեցումը լրիվ անտեսում է դաշնակցային պարտավորությունները և արժեքային հենքը՝ նախապատվությունը տալով կոնկրետ շահերին։ Այս իմաստով «Թրամփ եմ ասում՝ Պուտին հասկացեք և հակառակը» ձևակերպումը լրիվ տեղին է։ Ի դեպ, մինչ օրս, ինչ խոսել ու արել է Թրամփը, շահավետ է եղել հենց Պուտինին։

Մի հատ ուշադիր նայեք՝ ովքեր էին այսօր Դավոսում ներկա…

Իբր եվրոպական արժեքների հետևորդներ, դեմոկրատիա քարոզողներ, իբր դիկտատորներ չսիրողներ, ու՞ր եք, որտե՞ղ է ձեր դժգոհությունը, ունե՞ք արդյոք արժեքային կարմիր գծեր։ Լռությունն ու լուռ աջակցելն այստեղ պարզապես չեզոքություն չէ, այլ ձեր քաղաքական դիրքորոշումը։ Ո՞նց եք էդքան հեշտ ձեր արժեքները փոխում, մարդ ապշում է։ Հիմա, Փաշինյանը, որ ասի «մածունը սև է», պիտի դուք էլ սև տեսնե՞ք…

Եթե Հայաստանը հայտարարում է, որ գնում է դեպի ԵՄ (որը հիմնված է ինստիտուտների և իրավունքի վրա, իր բոլոր սխալներով ու թուլություններով հանդերձ), ինչպե՞ս կարող է միաժամանակ հարմարվել մի համակարգի, որտեղ որոշումները կայացվում են «ուժեղ առաջնորդների» նեղ պայմանավորվածություններով։ Սա իմ լեգիտիմ քննադատությունն է ողջ քաղաքական սպեկտրումին և Հայաստանի հանրության հասցեին, որը պատրաստ է կրկին աչք փակել իր սկզբունքների վրա։ Մարդկանց արժեքներն ու սկզբունքները բացահայտվում են հենց ճգնաժամերի ժամանակ, ու ես անձամբ կրկին ականատեսն եմ արժեքների դեգրադացմանն ու վախկոտությանը։ Մի հովանոցից՝ մյուսի հովանոցի տակ, երբ երկու հովանոցներն էլ նույն բովանդակությունն ունեն…

Թրամփի բերանով քարոզվողը նույն ավտորիտարիզմն է, նույն ուժեղների աշխարհը, նույն նեոգաղութատիրական տրամաբանությունը, թե՞ Թրամփի բերանից մեղր է ծորում, մյուսից՝ դառը թույն։ Չե՞ք լսում, որ նույն աշխարհն են տեսնում ու գծում Պուտինի հետ միասին… Նրանց երկուսի հակառակորդը բուն Եվրոպան է։ Եվ այս ամենի մեջ Հայաստանը, կարծես, համաձայնել է խաղալ այդ կանոններով, բայց հայտարարում է ԵՄ գնալու մասին, Ռուսաստանից էլ իբր արձագանքում են։

Մինչդեռ, Հայաստանը մի ճանապարհ ուներ, որը հետաքրքրում էր աշխարհին՝ և՛ խորհրդանշական՝ ժողովրդավարության ձգտման կամ արժեքային իմաստով, և՛ ֆիզիկական ճանապարհի՝ Մեղրիով անցնող այն կենսական ուղու, որը տարիներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի ռազմավարական մոլուցքն էր։ Այդ ճանապարհը Հայաստանի համար լծակ էր՝ անվտանգային ու քաղաքական ծանրակշիռ գործիք։ Եվ հիմա այդ ճանապարհը ներկայացվում է որպես «հաջողված գործարք»՝ «թրիիփ», որն իրականում դասական նեոգաղութատիրական դրսևորում է՝ հերթական փոխզիջում, որի գինը վճարվում է ոչ թե այսօր, այլ վաղը, ինչի՞ դիմաց՝ իրենց ժամանակավոր իշխանության երկարաձգման…

Այստեղ էլ հենց խաչվում են արժեքային և տարածքային զիջումները, իհարկե հայերի լուռ աջակցության ներքո… Եթե դեռ այսօր չեք նկատում, վաղը հաստատ կնկատեք. Հայաստանը ոչ միայն հրաժարվում է տարածաշրջանում իր ժողովրդավարական ճանապարհի կերտման բացառիկության կապիտալից, այլ նաև նվազեցնում է իր ֆիզիկական սուվերենության նշանակությունը՝ ներկայացնելով այն որպես տեխնիկական լուծում հատկապես՝ «անխափան» բառի միջոցով։ Ի՞նչ սուվերենություն «անխափան» բառի տակ, հարցրե՞լ եք…

Ի դեպ, սա այլևս պարզապես արտաքին քաղաքական շրջադարձ էլ չէ, այլ ձեզ խոստացված աշխարհընկալման դեգրադացման, անսկզբունքայնության վառ ապացույց, որը կրկին չնկատելու եք տալիս, ինչպես բոլոր մնացած արատներն ու վտանգները ողջ մեր պատմության ընթացքում…

Ու ո՞նց չգրեմ մեր «հայրենասեր ավանդական ընդդիմության» մասին. նրանց համար էլ այս իրավիճակը լրիվ ձեռնտու է։ Ինչի հետ Պուտինը խնդիր չունի՝ իրենք էլ չունեն։ Հիշու՞մ եք՝ եվրոպական դիտորդների դեմ ինչպես էին արտահայտվում։ Բայց, երբ խոսքը հասնում է Թրամփի ԱՄՆ–ին Հայաստանի ռազմավարական ամենակարևոր ճանապարհի փաստացի զիջմանը, ո՛չ Պուտինն է առարկում, ո՛չ նրանք։ Պատահակա՞ն է՝ ոչ։

Ավտորիտար կոնսենսուսը շատ հարմարավետ միջավայր է բոլոր նրանց համար, ովքեր երբեք իրական արժեքային կամ սուվերեն օրակարգ չեն ունեցել։

Հիմա մի քանիսը կասեն՝ «ընդդիմությանը քննադատելով, օգնում եք այս իշխանությանը»։ Ամեն տեսակ ֆանատիկոսների շատ քաղաքավարի ասում եմ՝ հաջողություն։ ՈՐՏԵՂ ՖԱՆԱՏԻԶՄ՝ ԱՅՆՏԵՂ ԱՆԱՌՈՂՋ ԴԱՏՈՂՈՒԹՅՈՒՆ։ Սա է իմ պատասխանը այդ մարդկանց։

Ավելի պարզ լինելու համար շեշտեմ, որ իմ բողոքը այն աշխարհի դեմ է, որտեղ հասարակ մարդկանց ձգտած ժողովրդավարությունը, ազգերի ու պետությունների իրավունքներն ու սուվերենությունը այսօր փոխանակվում են սիրուն ձևակերպումների՝ «կայունության» կամ ավելի հրաշալի բառի՝ «խաղաղության» ԽՈՍՏՄԱՆ դիմաց, իսկ ճանապարհները՝ թե՛ արժեքային, թե՛ ֆիզիկական իմաստով, վերածվում են պարզապես ինչ-որ նեոգաղութատիրական թրիիփի… Դե իհարկե նույն մարդկանց գոհունակության և ծափողջույնների ներքո։

Ամենաթարմ