«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը միջազգային գործընկերների ուշադրությանը հրավիրեց Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովի հայտարարությանը՝ Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնված հայկական կրոնական և պատմամշակութային կոթողներն ավերելու և ինքնությունը փոխելու նպատակով աշխատանքային խմբի ստեղծման մասին:
«Ուզում եմ միջազգային հանրությանը դիմել կրկին և ասել, որ Ադրբեջանի կողմից վարվող այս քաղաքականությունը մարտահրավեր է ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի կողմից 2021 թվականի դեկտեմբերի 7-ի ընդունված հրատապ միջոցներ կիրառելու որոշմանը, ինչպես նաև հիշեցնել մեր գործընկերներին, հատկապես Եվրամիության մեր գործընկերներին, որ 2,3 միլիարդ դոլար է ուղղվում մի երկրի, որը ոչ միայն աչքի է ընկնում իր ավտորիտար ռեժիմով, այլ նաև իր հարևանների նկատմամբ վարվող վանդալիզմի և մեր պատմամշակութային հուշարձանները ավերելու քաղաքականությամբ»,- ասաց Ղազարյանը։
Պատգամավորը հիշեցրեց, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում նույնպես ընդունվել են բանաձևեր, որտեղ խոսվում է հայկական պատմամշակութային հուշարձանները կեղծ ալբանական հուշարձաններով փոխարինելու փորձի մասին։
«Ինչպես նաև ուզում եմ հիշեցնել մեր միջազգային գործընկերներին, որ ստացվում է, երբ պատերազմի ընթացքում ռմբակոծվում էին մեր մշակութային կոթողները, փաստորեն երկու անգամ Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու ուղղությամբ հարվածելը պատահականություն չէ, ինչպես նշում է ավտորիտար ռեժիմի ներկայացուցիչը, այլ հստակ մարտավարություն է հայկական հետքը մաքրելու։ Ուզում եմ միջազգային գործընկերները հարց ուղղեն իրենք իրենց՝ ու՞մ են ուղղում այդ միլիարդները և ի՞նչ նպատակով»,- եզրափակեց Ղազարյանը։