«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին հայտարարել է, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում իր թիմը չի պատրաստվում պաշտպանվելու հաշվին արդյունքի հասնել:
««Մանչեսթեր Սիթին» մրցակիցներին իր խաղաոճն է թելադրում, և դա հասկանալի է, քանի որ ուժեղ թիմերը միշտ էլ ցանկանում են իր ֆուտբոլը խաղալ:
Շատ բարդ կլինի ազդել «Մանչեսթեր Սիթիի» խաղային ծրագրի վրա, բայց մենք կարող ենք այնպես անել, որ նրանց ֆուտբոլը մեզ համար էլ օգտակար լինի: Օրինակ՝ «Նյուքասլը» և «Քրիսթալ Փելասն» այդպես են վարվել:
Շատ թիմեր «Սիթիի» դեմ խաղում են խորքից և պաշտպանողական մարտավարությամբ, քանի որ այդպես հնարավոր է արդյունքի հասնել, սակայն մենք չենք պատրաստվում շեշտը դնել պաշտպանության վրա»,- Էմերիի խոսքը մեջբերել է Goal.com-ը:
«Մանչեսթեր Սիթի»-«Արսենալ» հանդիպումը կայանալու է այսօր, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 20:30-ին: Այս խաղից առաջ «Մանչեսթեր Սիթին» ունի 56 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը, իսկ «Արսենալը» 47 միավորով 5-րդ տեղում է:
Հաղորդում է armsport.am-ը։