Հայաստանի էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացումը խթանելու և անհրաժեշտ իրավական դաշտը մշակելու ու ներդնելու նպատակով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջև այսօր՝ հունիսի 21-ին, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում ստորագրվել է եռակողմ փոխըմբռնման հուշագիր։ Հուշագրով սահմանվել են էլեկտրաէներգետիկական շուկայի կառավարման ծրագրային համակարգի մշակմանն ու սպասարկմանը, ինչպես նաև արդյունավետ շահագործմանն ուղղված կողմերի գործողությունները և պարտականությունները։
Ստորագրմանը ներկա են գտնվել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը, ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դեբորա Գրիզերը։
Հուշագրի ստորագրման արարողության մասնակիցներին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի ողջույնի խոսքն է հղել ՏԿԵ փոխնախարար Հակոբ Վարդանյանը՝ նշելով, որ կառավարության կողմից ստեղծված են բոլոր հնարավորությունները համաշխարհային ճանաչում ունեցող ընկերությունների կողմից էներգետիկայի բնագավառում ներդրումներ իրականացնելու համար: «Առաջիկա տարիներին շահագործման կհանձնվեն Հայաստան-Վրաստան և Հայաստան-Իրան 400 կՎ էլեկտրահաղորդման գծերը, որոնք լիովին նոր մակարդակի կբարձրացնեն Հայաստանի էներգետիկ համակարգը: Նշված ծրագրերի իրագործումը թույլ կտա իրականացնել էլեկտրաէներգիայի տարանցումներ, սեզոնային փոխհոսքեր, փոխանակումներ, առևտրային գործարքներ, արտահանում և ներմուծում», – ասել է Հակոբ Վարդանյանը։
Փոխնախարարն իր և նախարարի անունից շնորհակալություն է հայտնել ԱՄՆ կառավարությանը և ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալությանը՝ Հայաստանի էներգետիկ համակարգին ցուցաբերած շարունակական աջակցության համար և վստահություն հայտնել հետագա համագործակցության խորացման հարցում:
—
2018թ. հունիսին մեկնարկել է «Շուկայի ազատականացում և էլեկտրաէներգիայի առևտուր» (Market Liberalization & Electricity Trade Program/MLET) ծրագիրը, որի արժեքը կազմում է 8,000,000 ԱՄՆ դոլար, տևողությունը՝ 5 տարի:
MLET ծրագրի իրականացումը կխթանի Հայաստանի ներքին էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացմանը և այն կդարձնի ավելի մրցունակ ու արդյունավետ, ինչը կնպաստի Վրաստանի հետ էլեկտրաէներգիայի միջպետական առևտրի զարգացմանը։
Այս համատեքստում իրականացվում են «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգի էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացման և միջպետական առևտրի զարգացման միջոցառումների ծրագիր-ժամանակացույցը հաստատելու մասին» 2018թ. սեպտեմբերի 14-ին ՀՀ կառավարության 1010-Լ որոշմամբ հաստատված միջոցառումները և «Հայաստանի Հանրապետության էներգետիկ համակարգի երկարաժամկետ զարգացման ուղիները» ծրագրի մշակման աշխատանքները:
Հայաստանի էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման և միջպետական առևտրի խթանման նպատակով ԱՄՆ ՄԶԳ EC-LEDS աջակցությամբ մշակվել են «Տարբերությունների վերլուծությունը (GAP), Շուկայի մարտահրավերները և օրենսդրական խոչընդոտները» հաշվետվությունները, այնուհետև «Հայաստանի էլեկտրաէներգետիկական շուկայի հնարավոր նոր մոդելները» հաշվետվությունը: Դրանք հիմք են հանդիսացել Էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման գործողությունների ծրագրի, ինչպես նաև ՀՀ Ազգային ժողովի կողմից «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների իրականացման համար, որոնք ընդունվել են 2018թ. փետրվարի 7-ին: Զուգահեռաբար ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ ԱՄՆ էներգետիկ ասոցիացիայի կողմից մշակվել են էլեկտրաէներգետիկական շուկայի ցանցային կանոնները, որոնք հաստատվել են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017թ. մայիսի 17-ի թիվ 161-Ն որոշմամբ: ԱՄՆ ՄԶԳ EC-LEDS ծրագրի աջակցությամբ մշակվել են նաև Էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի ժամանակավոր կանոնները, որոնք հաստատվել են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017թ. օգոստոսի 9-ի թիվ 344-Ն որոշմամբ, և Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր ՓԲԸ-ի ու Հաշվարկային կենտրոն ՓԲԸ-ի նոր լիցենզիայի պայմանները, որի արդյունքում վերջինս ստացել է Շուկայի օպերատորի կարգավիճակ: 2018թ. հուլիսի 18-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հավանություն է տվել ՀՀ էլեկտրաէներգետիկական շուկայի նոր կառուցվածքի և էլեկտրական էներգիայի առևտրի մեխանիզմների հայեցակարգին։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՏԿԵՆ պաշտոնական կայքից։