Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը, ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը և «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը համագործակցության հուշագիր են ստորագրել սեյսմաբանական համակարգի միջոցով տվյալների ստացման և փոխանակման աշխատանքների բարելավման, ՀԱԷԿ-ի և շրջակա տարածքի սեյսմիկ ռեժիմի ուսումնասիրության նպատակով:
ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը վստահեցրել է, որ Հուշագրի ստորագրումը թույլ կտա ավելի ընդլայնել և նոր աստիճանի բարձրացնել երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող կառույցի՝ հայկական ատոմակայանի անվտանգության բարձրացմանն ուղղված համագործակցությունը:

Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանն իր հերթին կարևորել է ատոմակայանի սեյսմիկ անվտանգությունն ընդհանուր անվտանգության համատեքստում և ընդգծել, որ հարկ եղած դեպքում ինչպես տեխնիկական աջակցության, այնպես էլ մասնագիտական գիտելիքների զարգացման առումով կարելի է ակնկալել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության աջակցությունը:
- Ուկրաինայի ՊՆ ղեկավարն ու Բայրաքթարների ստեղծողը քննարկել են ռազմական համագործակցությունը
- Վճռաբեկ դատարանի դատավոր ընտրվեց Հովսեփ Բեդևյանը
«Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանի խոսքով՝ ԱԻ նախարարության հետ արդյունավետ համագործակցությունը շարունակական է, նախարարի ատոմակայան կատարած վերջին այցի ընթացքում քննարկվել և վեր են հանվել սեյսմիկ անվտանգության բարձրացմանն ուղղված խնդիրներ, որոնց լուծմանն էլ ուղղած է ստորագրված Հուշագիրը:

Փաստաթղթի համաձայն՝ ՀՀ օրենսդրության և այլ նորմատիվ իրավական ակտերի հիման վրա, համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների միջոցով կիրականացվի ՀԱԷԿ-ի շրջակա տարածքի սեյսմիկ մոնիտորինգ, կապահովվի արդիականացված սեյսմիկ ցանցի անխափան աշխատանքը, տեղի ունեցող երկրաշարժերի գրանցումը, հետագա վերլուծությունը: Հուշագրով նախատեսված աշխատանքներում կներգրավվեն կառուցվածքային մասնագիտացված ստորաբաժանումները, որոնք որպես կողմեր անհրաժեշտության դեպքում կարող են այդ աշխատանքների կատարման համար կնքել քաղիրավական պայմանագրեր, ինչպես նաև դիմել այլ կազմակերպությունների` օժանդակ աշխատանքների կատարման կամ ֆինանսական օժանդակության համար: Սահմանված է նաև տեղեկատվության փոխանցման կարգը:
Նշենք նաև, որ փաստաթուղթը գործելու է 5 տարի ժամկետով և նույնքան ժամանակով կարող է երկարաձգվել:

